Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ է անցկացվում։
«Ոչ սպանություններին և բռնություններին բանակում» կարգախոսով բողոքի ակցիա անցկացնող մայրերը և նախաձեռնության անդամներն այսօր ժամը 16։45-ին հավաքվել են Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղ նրանց արդեն սպասում էին տասնյակ ոստիկաններ։
Վերջիններս պատ են կազմել՝ թույլ չտալով, որպեսզի բողոքողները մոտենան շենքի մուտքին։
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։
Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։
Ժամը 17։15-ին մարդիկ հավաքվել են Օպերայի շենքի հետնամուտքի մոտ, սակայն տասնյակ ոստիկաններ կրկին փակել են նրանց ճանապարհը։
Ավելի ուշ մարդկանց թույլ են տվել մտնել Ազատության հրապարակի տարածք՝ ակցիա անցկացնելու համար։ Ակցիայի ընթացքում բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։