Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 22-ին զանգվածային բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն արդեն մի քանի շաբաթ երկրի համալսարաններն ու ավագ դպրոցները գրաված ուսանողների։ Համալսրանականները պահանջում են պատասխանատվության ենթարկել Սեբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքի ողբերգության մեղավորներին։ Նոյեմբերի 1-ին Նովի Սադի վերջերս վերանորոգված երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ էր մահացել։ 13 պաշտոնյա, այդ թվում՝ քաղաքաշինության նախարարը, ձերբակալվել են։
Ուսանողները, նրանց աջակցող ընդդիմադիր ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղի ունեցածից հետո քաղաքական պահանջներ են ներկայացնում։ Պնդում են, որ կառավարությունը կոռումպացված է, երկրում ընթացող շինարարական նախագծերն արվում են ոչ պատշաճ։ Ցուցարարները պահանջում են անցումային կառավարություն ձևավորել, որը կկարողանա կազմակերպել ազատ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Արդեն գրեթե երկու ամիս ուսանողները համակարգված բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Քննարկումներ ու բանավեճեր են անցկացվում։ «Ամեն օր պլենումներ են լինում։ Ուսանողները բառացիորեն կոմունաների կոնֆեդերացիայի սկզբունքներով են գործում։ Բոլոր որոշումները կայացվում են համընդհանուր ժողովների արդյունքում», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, Սերբիայում կազմակերպվող պրոտեստային գործողությունները հիմնականում անտեսված են մնում լրատվամիջոցների կողմից։ «Ամռանը 150 հազար մարդ էր փողոց դուրս եկել։ Բողոքում էին Կենտրոնական Սերբիայում լիթիումի արդյունահանման դեմ։ Այդ պրոտեստներից մնացած միակ հիշատակումը “fuck Rio Tinto” գրաֆիտիներն են», – Epress.am-ին ասել է ցուցարաներից մեկը։
Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը երեկվա ցույցի մասնակիցների հաշվարկ է արել՝ 28-29 հազար մարդ։ Ակցիայի սկզբում մասնակիցները 15 րոպե լռությամբ հարգել են Նովի Սադի ողբերգության զոհերի հիշատակը։ Հետո 30 րոպե շարունակ հակակառավարական լոզունգներ են վանկարկել, գրում է Ազատություն ռադիոկայանի բալկանյան ծառայությունը։ Ցույցն ընթացել է առանց խոշոր միջադեպերի ու օրենքի խախտումների, հայտնել է ՆԳՆ-ն։ Քաղաքի կենտրոնական հատվածներում երթևեկությունը դադարեցվել էր։
Նախագահ Ալեքսանդր Վուչիչն ինստագրամի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել։ Ասում էր, որ Բելգրադում իսկապես շատ մարդ է դուրս եկել փողոց՝ «ընդդիմադիր հայացքներով»։ Նախագահն ասել է, որ ինքը միշտ պատրաստ է լսել դժգոհ քաղաքացիների կարծիքն ու պահանջները, բայց վստահ է, որ էլ ավելի մեծ թվով մարդիկ այլ կերպ են մտածում։
Բողոքի զանգվածային ակցիաները Սերբիայում շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Պրոտեստի սիմվոլը արյունոտ ձեռքի լուսանկարն է՝ ի հիշատակ ողբերգության զոհերի։ Շատերը 15 րոպեանոց (Նովի Սադի զոհերի թվով) գործադուլներ են անում աշխատավայրերում։ Չորս պետական համալսրանների ավելի քան 50 ֆակուլտետներ չեն աշխատում, դասադուլեր են նաև տասնյակ միջին և ավագ դպրոցներում։