Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 1-ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փաստաբան Հայկ Ալումյանի բերած երեք բողոքները, 4 ամիս դատաքննությունից հետո, ի վերջո կասեցվել են: Հայկ Ալումյանը ներկայացնում է Բուդաղյանների ընտանիքը, որի անդամներից մեկը՝ Ավետիք Բուդաղյանը, այդ օրը սպանվել էր։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանն ասել է, որ իրենք հիասթափված են ներպետական ատյանների գործողություններից:
Բուդաղյանների բողոքները վերաբերում էին քննիչ Ալեքսան Ղազարյանի երեք որոշումներին, որոնցով կալանքից ազատվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, և որոնցով դադարեցվել էր հետապնդումը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ՝ նրա մահացած լինելու հիմքով: Նշենք, որ Խաչատրյանն ու Նիկողոսյանը մեղադրվում էին սպանության մեջ, սակայն քննչական մարմինը հետագայում նրանց գործողությունները որպես ինքնապաշտպանություն է որակել և նրանց ազատել կալանքից։
Դատաքննության ընթացքում Ալումյանը պահանջել էր, որպեսզի քննիչը դատարան ներկայացնի բողոքին վերաբերող բոլոր նյութերը, ինչը Ալեքսան Ղաղարյանը չի արել:
«Դատարանը, ընդունելով, որ գործի քննությունն անհնար է առանց քննիչի տրամադրած նյութերի, ոչ թե պահանջեց, որ քննիչը, այնուամենայնիվ, բերի բողոքին վերաբերող նյութերը, այլ կասեցրեց քննությունը: Այսինքն՝ դատարանը քննիչի քմահաճույքը համարել է անհաղթահարելի ուժ»,- ասել է Ալումյանը:
Փաստաբանն ասել է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննության կասեցման մասին որոշումն իրենք բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, իսկ այժմ պատրաստվում են դիմել նաև Վճռաբեկ դատարան: Ներպետական ատյանները սպառելուց հետո Բուդաղյանների ընտանիքը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: