ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել՝ ինչ է արվել «Նաիրիտ» ընկերության դեմ, քանի որ դրա փակմանը տանելու հարցով անգամ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով հանդես է եկել «Նաիրիտի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով:
«Կանխամտածված արվում է «Նաիրիտի» սնանկացում: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը շեշտել էր, որ «Նաիրիտը» կարևոր է, քանի որ ինչ-որ ժամանակ գործարանի արտադրած կաուչուկը զբաղեցրել է միջազգային շուկայի 10-12%-ը, ուստի «Նաիրիտի» դեմ գործողություններն ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ «Նաիրիտին» պատճառվել է 200-400 միլիոն դրամի վնաս: Ինչ վերաբերում է այս համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր անվան շահարկմանը, ապա Մինասյանն ասել է, որ ԱԺ ամբիոնից նման մեղադրանք անել չի կարող, սակայն Տիգրան Սարգսյանի եղբայրը եղել է «Նաիրիտի» տնօրենի տեղակալը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ վերջերս հրապարակում է եղել այն մասին, որ Տիգրան Սարգսյանի եղբայրն ինքն իրեն պարգևատրել է 42 միլիոն դրամով: Պատգամավորը հարցրել է՝ արդյոք այդ հարցը, ինչպես նաև «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի հարցը քննվելու են հանձնաժողովում: Մինասյանն ասել է, որ բոլոր մամուլի հրապարակումները կուսումնասիրվեն, իսկ աշխատավարձի հարցն առաջնահերթություն է: