Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 60 միլիոն դրամ, որը կտրվի «Պատանի երկրապահ» ակումբին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ գումարը տրվում է ակումբի «մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով»։
Որոշման նախագծի մեջ որպես պատճառաբանում նշվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) «Պատանի երկրապահ» ակումբը ունի 60 միլիոն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, որոնք ակումբը ի վիճակի չէ կատարել և դրա արդյունքում ակումբի հետագա գործունեությունը անհնար է իրականացնել, ու այդ պատճառով ակումբին գումար է հատկացվում «ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով»։
ԵԿՄ-ի կայքում նշված է, որ «Պատանի երկրապահ» ակումբի առաջին խմբակը բացվել է Երևանի Կենտրոն համայնքում, ապա այլ համայնքներում և Հայաստանի տարածաշրջաններում։
«Լինում են հրամանատարական ժողովներ, հրամանատարներն ընտրվում են ըստ երեխաների կազմակերպչական հնարավորությունների: Խմբակներ ընդունվում են տասից մինչև 17-18 տարեկան պատանիներին: Ավելի փոքր տարիքի երեխաներին նույնպես ընդունում են, բայց վերջիններս իրենց տարեկիցներից անհամեմատ ճարպիկ ու խելացի պիտի լինեն: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ, երկժամյա գրաֆիկով, չհաշված լրացուցիչ պարապմունքները:
Պատանի երկրապահների համազգեստը նախկին Խորհրդային Միության դեսանտայինների համազգեստին է նման», – «Պատանի երկրապահ»-ի մասին պատմում է ԵԿՄ-ի կայքը:
Ըստ ԵԿՄ-ի՝ ակումբում ներգրավված են 3000 պատանիներ։
Լուսանկարը՝ ekm.am