Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տան շքամուտքին հունիսի 25-ին լցրած գոմաղբը ողջ շենքով գարշահոտ է տարածում, բայց ակտիվիստը սկզբունքորեն չի պատրաստվում հավաքել այն։ Գասպարին նշել է՝ դա պետք է անի Սերժ Սարգսյանը, քանի որ իր դռան դիմաց աղբը վերջինիս հրահանգով են լցնում։ Նշենք, որ գոմաղբը Գասպարիի տան դիմաց լցրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ակցիայից հետո։
Անմիջապես իր բնակարանի դռան մոտ լցրած գոմաղբի կույտի վրա Գասպարին հետևյալ գրությամբ թուղթ է դրել․ «Չերյոմուխա իմ համաքաղաքացիներին պարգևած իշխանությունը ինձ էլ գոմաղբ է պարգևել»: Ակտիվիստը նկատի ունի, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 զոհված քաղաքացինարից մի քանիսը սպանվել էին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցոի օգնությամբ։
Հարևանները հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն: Նրանց մի մասը գիտակցում է, որ աղբը շքամուտքում լցվել է Գասպարիից վրեժխնդիր լինելու համար: Մյուս մասը պատճառներով չի հետաքրքրվում, այլ ցանկանում է մաքուր շքամուտք ունենալ, և որ իրենց երեխաները ստիպված չլինեն թռնել աղբի կույտի վրայով:
Նշենք, որ Գասպարիի տունը Դեմիրճյան փողոցի վրա գնտվող բազմաբնակարանային շենքի 1-ին հարկում, և հարևանները շենքից դուրս գալիս տեսնում են աղբակույտը։
Այս հարցը լուծելու համար հարևանները ժողով են գումարել, հրավիրել նաև Վարգես Գասպարին:
Վերջինս Epress.am-ին պատմել է, որ ինքը հարևաններին հիշեցրել է, որ նախորդ անգամ տուրք է տվել նրանց բողոքներին, և հավաքել է թրիքը՝ դադարեցնելով, իր խոսքով, պայքարը շքամուտքում։ Դրանից հետո անհայտ անձինք իր նկատմամբ բռնություն են կիրառել փողոցում, և, ըստ ակտիվիստի, դա գոմաղբը հավաքելու, այն է՝ պայքարը դադարեցնելու հետևանք էր։
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներից մի քանիսը նշել են, որ հավաքարարը նույնպես չի հավաքում թրիքը, ու նրանք չեն կողմնորոշվում, թե ուր դիմել՝ քաղաքապետարան, ոստիկանություն, թաղապետարան: Նրանք քննարկում են նաև մուտքում տեսախցիկներ տեղադրելու հարցը՝ հետագայում նման դեպքերում հանցագործների անձը ճշտելու համար: