Home / Հայաստան / Տավուշի մարզպետը պնդում է՝ եկեղեցում պատկերված առաքյալն իրեն նման չէ

Տավուշի մարզպետը պնդում է՝ եկեղեցում պատկերված առաքյալն իրեն նման չէ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը չգիտի, թե ում նախաձեռնությունն էր՝ Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիքը» կրկնօրինակող սրբապատկերի վրա առաքյալներից մեկին իր դիմանկարով պատկերելը։

«Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է։ Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարներն արել։ Նկարչին հարցրեք… Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են, թե հիմա ով ում է նմանացնում, ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ։ Կոնկրետ անողը կա, կարող եք հետը խոսել», – «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Աբովյանը։ Նա պնդել է, որ ինքն իրեն այդ առաքյալի հետ չի նմանեցնում։

Պատկերում Աբովյանն է՝ ձախից երկրորդը․

koghb1

Մարզպետը հավելել է՝ «նկարը կա, ով ուզում է, թող գա, նայի, չես էլ կարող պոկել, պատի մեջ սարքած է, պատը պիտի քանդես»։

Լրագրողի հարցին, թե ինչ միջոցներով է Աբովյանը կառուցել Կողբի եկեղեցին, մարզպետը պատասխանել է․ «Հիմա ի՞նչ կարևոր է՝ ում միջոցներով է կառուցվել։ Ընկերության միջոցներով ենք կառուցել։ Ընկերներով հավաքվել ենք, ամեն մեկն իր հնարավորությունները ներդրել է կառուցել ենք։ Եթե վատ բան ենք արել, գրեք, որ վատ բան են արել, եկեղեցի են կառուցել»։

Սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը Slaq.am-ին վստահեցրել է՝ սեփական նախաձեռնությամբ է առաքյալներից մեկին պատկերել մարզպետի դիմագծերով․ «Ես ուզում էի անակնկալ անել, Աբովյանն ի սկզբանե տեղյակ չէր դրանից, հետո մեծ աղմուկ բարձրացավ և մարզպետն ասաց, որ փոխեմ նկարը: Այժմ եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» նկարում մարզպետը չկա»:

Անդրանիկ Անտոնյանի խոսքով՝ մարզպետն արժանի էր լինել առաքյալների շարքում։