հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Օմբուդսմենը միջնորդել է զոհված զինվորի գործը Ստեփանակերտից Սյունիք տեղափոխել

Օմբուդսմենը միջնորդել է զոհված զինվորի գործը Ստեփանակերտից Սյունիք տեղափոխել

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին միջնորդել է քննարկել Հայաստանի քաղաքացի Արման Մուրադյանի մահվան գործով նիստերը Սյունիքի մարզում անցկացնելու հարցը։ Ներկայումս նիստերը գումարվում են ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարանում, իսկ պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե նիստերն անցնում են «Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում»։

Միջնորդությունը ներկայացնելու մասին Անդրեասյանը տեղեկացրել է Մուրադյանի հորը՝ Հովսեփ Մուրադյանին, ով գործի քննությունը Հայաստան տեղափոխելու կոչով բազմիցս դիմել է թե ՄԻՊ-ին, թե Դատական դեպարտամենտին: Հոկտեմբերի սկզբին օմբուդսմենը, Ազգային ժողովում պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտարարել էր, որ դատական նիստերը Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու մասին ինքը վերջին 3 տարվա ընթացքում դիմում չի ստացել, ինչը վրդովվեցրել էր Հովսեփ Մուրադյանին, ով հայտարարել էր, որ Անդրեասյանը սուտ է ասել բարձր ամբիոնից։ Նա կրկին դիմել էր ՄԻ պաշտպանի գրասենյակը, որտեղ գործին ընթացք են տվել։

Հովսեփ Մուրադյանի դիմումները ՀՀ դատական դեպարտամենտը բազմիցս մերժել է այն պատճառանաբությամբ, որ դատարանը իրավունք ունի արտագնա նիստեր գումարել:

20-ամյա զինծառայող Արման Մուրադյանը զոհվել է 2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում: Նախաքննության համաձայն զինծառայողը ինքնասպան է եղել, ինչը Մուրադյանի ծնողներն անհիմն և սուտ վարկած են համարում:

Գործով մի քանի նիստ գումարվել է Ստեփանակերտի դատարանում՝ առանց տուժող կողմի իրավահաջորդի մասնակցության:

Լուսանկարը՝ sosi-tv.com