ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց չի ընդունել, սակայն այսօր առավոտյան կառավարությունից խոստացել էին, որ վարչապետը կհանդիպի գործարանի աշխատակիցների 5 հոգանոց պատվիրակության հետ։ «Նաիրիտցիների» պահանջը նույնն է՝ վճարել ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը, այլ ամբողջ պարտքը։
Գործարանի աշխատակիցներից Ռուբենը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց բողոքի ակցիաներն արդեն անվանում են «միլիոնատերերի ցույցեր»։ Ռուբենի խոսքով՝ աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձ են պարտք, և եթե անգամ մարդը 50 հազար դրամ է ստանում, արդեն իսկ դրամային միլիոնատեր է, բայց միայն թղթի վրա։
«Այնպես չէ, որ աշխատավարձ ընդհանրապես չենք ստանում, ստանում ենք մեկ֊երկու ամսվա։ Բայց այդ աշխատավարձերը, ես միշտ ասել եմ, մեզ չեն մնում։ Պարտատերերն են ուրախանում, որ իմանում են՝ «Նաիրիտը» աշխատավարձ է ստացել։ Մարդիկ ստանում են՝ տանում պարտքերը տալիս, վերջանում է», ֊ նշում է Ռուբենը։
Բողոքի ակցիայի ընթացքում աշխատակիցները նաև պատմեցին մեզ, որ արդեն սկսել են ստանալ աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրերը։ Ներկայումս 2200 աշխատակցից 1200֊ը հարկադիր պարապուրդում է (այդ դեպքում վճարվում է աշխատավարձի 2/3֊րդը), աշխատում է մոտ 1000 մարդ։ Սակայն գործարանի տնօրինությունը պատրաստվում է նոր պայմանագրեր կնքել ընդամենը 500 աշխատողի հետ։ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատողների կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:
««Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ», ֊ մասնավորապես, ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: