Home / Տեսանյութեր / «Զբաղված» վարչապետը բողոքող ձեռնարկատերերին հանդիպել չի պատրաստվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զբաղված» վարչապետը բողոքող ձեռնարկատերերին հանդիպել չի պատրաստվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության պատճառով չի կարող հանդիպել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող փոքր և միջին ձեռնարկատերերի հետ։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնող հարյուրավոր մարդկանց ասել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինս հիշեցրել է, որ երկուշաբթի կայացած ակցիայի ժամանակ վարչապետն առաջարկել էր ձեռնարկատերերի պատվիրակությանն ընդունել, սակայն վերջիններս չէին համաձայնել։ Այժմ էլ, Ղազարյանի պնդմամբ, Հովիկ Աբրահամյանը ծրագրված հանդիպումներ, այցեր ունի և իր աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս հանդիպել բողոքողներին։

Այդ հայտարարությունը զայրացրել է հավաքվածներին։ Ձեռնարկատերերից մեկն ասել է, որ իրենք էլ տոնավաճառներում և առևտրի կենտրոններում «տեղի փող են» տալիս, վճարել են նաև այսօրվա համար, բայց գործը թողել են ու եկել կառավարության մոտ։

1protest

Ելույթ ունեցողներից մեկն էլ ձեռնարկատերերին կոչ է արել չասել, թե օրենքի ընդունման դեպքում կթողնեն֊կգնան երկրից՝ ընդգծելով, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվող բոլոր անձինք վարկեր ունեն, ու իրենց հենց այնպես չեն թողնելու հեռանալ երկրից։ Նրա խոսքով՝ ձեռնարկատերերը ստիպված կլինեն իրենց բնակարանները վաճառել պարտքերը փակելու համար և մերկ հեռանալ Հայաստանից։

Ակցիայի մասնակիցների շրջանում պտտվող զրույցների համաձայն, այսօր էլ, ինչպես երկու օր առաջ, Գյումրիից խոչընդոտվել է ձեռներեցների ավտոբուսի գալը Երևանը։ Ներկաներից մեկն ասել է, որ ձեռներեցներից մի քանիսը Գյումրիից իրենց անձնական մեքենաներով են շարժվել դեպի մայրաքաղաք, իսկ մեկ ավտոբուս կարողացել է ոչ հիմնական ճանապարհով դուրս գալ Գյումրի֊Երևան մայրուղի՝ շրջանցելով քաղաքի մուտքի մոտ կանգնած ոստիկաններին։ Քիչ անց Գյումրիից, Մարտունիից, Գավառից ձեռնարկատերերին հարյուրավոր մարդիկ են միացել։ 

Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 4 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել են երեկ, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է օրենքում այլ փոփոխություններ մտցնել։

Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:

Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։

Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։