«Շրջանառության հարկի մասին» օրենքի գործողության կասեցումը պահանջող ձեռներեցներից մի քանի պատվիրակ այսօր վերջապես հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Երեկ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հայտարարել էր, որ վարչապետը չի կարող ընդունել նրանց զբաղվածության պատճառով։
Դուրս գալով Կառավարության շենքից՝ պատվիրակներից մեկն ասել է, իր տպավորությամբ, վարչապետն իրենց կողմից է: Հանդիպման ընթացքում ձեռներեցները պահանջել են բարձրացնել առևտրաշրջանառության նվազագույն շեմը, բացի դրանից, առաջարկել են, որպեսզի ցանկացողները կարողանան աշխատել օրենքի հին տարբերակի համաձայն, այն է՝ վճարեն ոչ թե 1, այլ 3 տոկոս հարկ, բայց չգույքագրեն իրենց ապրանքները:
«Մենք խումբ ենք կազմելու, պարոն Աբրահամյանին տեղյակ ենք պահելու՝ ինչ ենք մտածում: Արմեն Ալավերդյանին (ֆինանսների փոխնախարար) ասել ենք, որ նա պետք է գնա (հրաժարական տա ֊ խմբ․), էդ հաստատ: Պարոն Աբրահամյանը մինչև երկուշաբթի կեսօր հեռուստատեսությամբ կհայտնի իր որոշման մասին», – ասել է ձեռներեցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են, որ երկուշաբթի կլինեն ԱԺ-ում, որպեսզի հետամուտ լինեն հարցի քննարկման կազմակերպմանը հերթական քառօրյայի ժամանակ, այնուհետև կրկին կգնան Կառավարության շենքի մոտ՝ ստանալու վարչապետի խոստացած պատասխանը:
Մինչ վարչապետի հետ հանդիպումը, բողոքի ակցիա անող ձեռներեցների հետ զրուցելու համար Կառավարության շենքի մոտ են եկել ԲՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենք, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ժողովրդի կողքին են:
«Բայց մենք ճիշտ լուծումների կողմնակից ենք: Այս որոշումը, երբ պլանավորել էին մայիս֊հունիսին, կարծում էին, որ տնտեսական լավ ցուցանիշներ են ունենալու: Բայց տարվա վերջին մենք տեսանք, թե ինչ ունենք: Երկուշաբթի քառօրյան սկսվելու է, ես դիմելու եմ, որպեսզի ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն հրավիրվի: Մենք կհրավիրենք Ֆինանսների նախարարին, և բոլոր պաշտոնյաներին, և որոշում կայացվի, որ այդ հարցն իր լուծումը ստանա: Օրենքը կպնում է 120-130.000 մարդու, ո՞նց կարելի է այս փուլում այդպես վարվել: Եթե փաստաթուղթ են ուզում, թող խոշորին ասեն՝ տա, ինչ ա՝ տեղը չգիտե՞ն»,-ասել է Միքայել Մելքումյանը:
Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 4 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել են երեկ, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է օրենքում այլ փոփոխություններ մտցնել։
Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:
Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։
Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։