հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանները բռնություն կիրառեցին զոհված զինվորների ծնողների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները բռնություն կիրառեցին զոհված զինվորների ծնողների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։

Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է ոստիկաններից մեկը:

Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկաններից մեկը հրահանգել է՝ «շղթա կազմեք»: «Դավայ, դավայ» խոսքերով ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, ոստիկանները բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել են դիմացի մայթ: Գոհար Սարգսյանի ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, պառկել է գետնին․ վերջինիս գրկած տեղափոխել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթ:

Ոստիկանների կողմից բռնության կիրառելու հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, բարձրացել է արյան ճնշումը: Ոստիկանները շտապ օգնության մեքենա են կանչել: Սարգսյանին բժշկական օգնություն է ցույց տրվել, ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվել է կնոջ հագուստը, կոշիկները:

Դեպքի վայր են ժամանել ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները՝ Ռաֆայել Պողոսյանի ղեկավարությամբ: Միջադեպի պահին դեպքի վայրում ներկաները պատմել են կատարվածը:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները հարցեր են ուղղել ոստիկանների գործողությունները համակարգող ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանին: Վերջինս ասել է, որ նախագահական նստավայրը հատուկ ռեժիմային օբյեկտ է և դրա դիմաց ակցիա անել չի կարելի:

Ծնողներն ընդգծել են, որ նախկինում իրենք բողոքի ակցիաներն անցկացրել են նախագահականի դարպասի մոտ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ոստիկանության գործողությունների առնչությամբ դատարան դիմել։