հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Նաիրիտի» բոլոր նախկին աշխատակիցներին վճարեցին պարտքը (թարմացված)

«Նաիրիտի» բոլոր նախկին աշխատակիցներին վճարեցին պարտքը (թարմացված)

14։30 «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի դիմաց կուտակված պարտքը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Վերջինս այսօր ավելի վաղ մեզ հայտնել էր, որ 600 աշխատակից դեռ չեն ստացել ամբողջ գումարը և վաղը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այժմ, սակայն, «նաիրիտցիները» պատրաստվում են ասուլիսով հանդես գալ՝ ամփոփելով իրենց բազամսյա պայքարի արդյունքները։

13։00 «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից 600֊ին դեռ չեն վճարել աշխատավարձի դիմաց ունեցած ամբողջական պարտքը։ Այս մասին այսօր Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիները որոշել են վաղը՝ օգոստոսի 5-ին, ակցիա անել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բոլոր աշխատակիցների պարտքի մարում։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոստման համաձայն՝ պարտքը պետք է մարվեր մինչև հուլիսի 15-ը, այսինքն՝ ներկայումս վերջնաժամկետն անցել է 20 օրով։ Նաիրիտցիները պնդում են, որ հետաձգելու առիթ այլևս չկա, քանի որ իրենք բոլորն էլ ստորագրել են գործարանի ղեկավարության պահանջած՝ աշխատավարձի ուշացման տույժերը չպահանջելու մասին փաստաթուղթը։

Անուշ Հարությունյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե օգոստոսի 5֊ի ակցիան ինչ ընթացք կստանա, մարդիկ կպահանջեն արդյոք հանդիպում վարչապետի հետ, թե նստացույց կամ շարունակական ակցիաներ կանեն։ Հետագա քայլերի շրջանակը նաիրիտցիները կքննարկեն տեղում։

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին 18-24 ամսվա աշխատավարձ են պարտք։ Նրանց մի մասը՝ 1000-ից ավել աշխատակիցներ, արդեն ստացել են իրենց հասանելիք գումարը։