Home / Տեսանյութեր / ԱԺ֊ում չեն ցանկանում զոհված զինվորների գործով հանձնաժողով ստեղծել. ակցիա

ԱԺ֊ում չեն ցանկանում զոհված զինվորների գործով հանձնաժողով ստեղծել. ակցիա

Ազգային ժողովում չեն ցանկանում բանակում մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Այսպիսի տպավորություն է ստացել 2007 թվականին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Ազգային ժողովի իրավաբան Ժորա Վարդանյանի հետ զրույցից հետո։

Այսօր զոհվածների ծնողները ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակցիա են անցկացրել՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել հանձնաժողով ստեղծելու մտքից։

Գոհար Սարգսյանը պատմել է իր և Վարդանյանի զրույցի մանրամասները․ վերջինս ասել է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանձնարարականով ցանկանում է ծանոթանալ քրեական գործերի հետ, հասկանալ, թե ինչ հակասություններ դրանցում կան։

«Ես պատասխանեցի, որ իրավաբան չեմ, սակայն հասկանում եմ, որ դուք իրավասու չեք իրավական գնահատական տալ։ Հասկանում եմ նաև, որ ԱԺ հանձնաժողովն էլ քրեական գործերին իրավական գնահատական չի կարող տալ, սակայն կարող է եզրակացություն ներկայացնել, հարցեր բարձրացնել, որոնց լուծում կտրվի համապատասխան մարմինների կողմից։ Նա ասաց՝ դե գիտեք, հիմա սահմանադրական բարեփոխումների ընթացքն է, դրանով քննչական խումբ է ստեղծվելու․․․ Ես էլ ասացի, որ գոհ ենք քննիչներից, այսքան տարի, որ փողոցում հայտնվել ենք՝ քննիչների մեղքն է։ Ես նրա խոսքերից հասկացա, որ չեն ցանկանում հանձնաժողով ստեղծել, ուզում են միայն ծանոթանալ քրեական գործերի և դրանք քննող մարմիններին գրություններ ուղարկել, հանձնարարականներ տալ, որպեսզի այդ խնդիրները լուծում ստանան։ Հարցրեցի՝ երաշխավորո՞ւմ եք, որ լուծում կստանան, ինքն էլ ասաց՝ ինչպե՞ս կարող եմ երաշխավորել։ Դե, եթե չեն կարող, ինչո՞ւ չեն ցանկանում հանձնաժողով ստեղծել», ֊ նշել է Սարգսյանը։

Վարդանյանը նաև հետաքրքրվել է՝ արդյոք զոհված զինծառայողների գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է զբաղվում։ Սարգսյանը պատասխանել է, որ մշտապես բողոքի ակցիաներ անցկացնող 5 զինծառայողների ծնողներից 3֊ն արդեն դիմել են ՄԻԵԴ, երկուսն էլ պատրաստվում են։

«Հարցրել եմ՝ ինչո՞ւ եք ուզում Եվրոպայի ապտակը ձեր երեսին լինի։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և ուզում եմ՝ գործերը քննվեն Հայաստանում։ Բայց ես տեսնում, որ չկա իրավական համակարգ։ Էսքան տարի Սահմանադրությունը չի գործել, հիմա դու ինձ ասում ես՝ սպասի, սահմանադրական փոփոխություններից հետո տեսնենք՝ ինչ կլինի», ֊ ասել է զոհված զինծառայողի մայրը։

Կինն ընդգծել է, որ ինչպես հիմա են փորձում անել, 4 տարի առաջ իրենց արդեն շեղել են ճիշտ ուղուց։ 2011 թվականին իրենք եղել են ԱԺ֊ում զրուցել են խմբակցությունների հետ, ներկայացրել են գործերում հակասությունները, սակայն հանձնաժողով չի ստեղծվել, և մինչ օրս գործերում ոչ մի առաջընթաց չկա։

«Իմ որդու գործն արդեն վճիռը կայացնելուց հետո ուղարկել են նոր քննության, ու քանի տարի է՝ զանգում եմ, հարցնում եմ՝ ինչ ընթացքում է, ասում են՝ նախաքննությունից հետո կտեղեկացնենք։ Հավերժ նախաքննություն է փաստորեն։ 4 տարի գոնե մեկ քայլ առաջ գնային գործերով», ֊ նշել է Գոհար Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկով ԱԺ֊ն սեպտեմբերի 11֊ին քննարկել էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, սակայն հետաձգել որոշման կայացումը։