Home / Տեսանյութեր / «Բանակն ավելի փակ և ոչ թափանցիկ է դառնում»

«Բանակն ավելի փակ և ոչ թափանցիկ է դառնում»

Հայաստանյան բանակն ավելի ու ավելի փակ է դառնում հանրության համար։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը։

«Միտումն այնպիսին է, որ բանակը վերջնականապես գնում է «փակվելուն», և [պաշտոնյաների] այն հայտարությունները, թե հայաստանյան բանակը, հայոց բանակը դառնում է ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի քաղաքացիների կողմից, վերածվում են միֆի, հեքիաթի», ֊ ասել է իրավապաշտպան ՀԿ֊ի նախագահը։

Նրա խոսքով՝ բանակի «փակվելու» վառ օրինակներից է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օգոստոսյան հրամանը, որով գաղտնագրվում են բանակում արտակարգ պատահարների վերաբերյալ տեղեկությունները։ Այդ հրամանին հղում կատարելով՝ նախարարությունը հրաժարվել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ին մահացած զինծառայողների մասին տեղեկություններ տրամադրել։

Խաչատրյանն ընդգծում է, որ միևնույն ժամանակ նախարարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ տեղեկատվությունը գաղտնագրված չէ։ Մասնավորապես, մեզ հետ զրույցում ՀԿ֊ի ղեկավարը մեջբերել է Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցից հատված, որում վերջինս ասում է, թե տեղեկատվություն տրամադրելու արգելքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դատարանում, սակայն, ՊՆ֊ն առարկել է մահացած զինծառայողների մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ կազմակերպության պահանջին՝ հղում կատարելով նախարարի հրամանին։

Խաչատրյանն ասել է, որ նման կերպ ՊՆ֊ն ձգտում է հեղինակազրկել այլախոհներին, իրավապաշտպաններին, ովքեր լուրջ խնդիրներ են բարձրացնում։

«Հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ գիտեք՝ մի երկու հատ հիմար են, էս լարված իրավիճակում խնդիրներ են բարձրացնում, որոնք անգամ խնդիրներ էլ չեն, հնարված խնդիրներ են, ու [այդ մարդիկ] հեղինակազրկում եմ մեր Պաշտպանության նախարարությանը։ Հասարակությանն այդպես են ներկայացնում, դրա համար էլ աղմուկ չկա», ֊ ասել է Խաչատրյանը։

ՀԿ֊ի ղեկավարը նշել է, որ, օրինակ, այս պահին իրենք տեղյակ են մահվան 2 դեպքերի մասին, սակայն չեն կարողանում ճշտել մահացածների անունները, քանի որ հրամանի արձակումից հետո ՊՆ֊ն այդ դեպքերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում։

Իրավապաշտպանը կարևոր է համարել ոչ միայն բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով գրանցված սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի քննությունը, այլև բոլոր տեսակի դժբախտ պատահարների և հակառակորդի գնդակից մահացած զինվորների դեպքերի ուսումնասիրությունը։

«Տեսեք, ասում են դժբախտ պատահար է, մեքենան շուռ է եկել, դրա հետևանքով 3 կամ 4 զինվոր է մահացել։ Շատ կարևոր է հասկանալ՝ տեխնիկական ինչ վիճակում է գտնվել մեքենան։ Դեպքեր կան, օրինակ, շատ հին դեպքերից մեկը՝ 2003 թվականի, երբ ականատեսները պատմում են՝ զինվորները էդ մեքենայով տեղափոխվել են հրամանատարի դաչայում գործ անելու։ Եթե այդ ժամանակ է մահացել զինվորը, դա արդեն դժբախտ պատահար չէ», ֊ ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը նախարարի հրամանը վիճարկելու է ՀՀ դատական ատյաններում, ապա, հաջողության չհասնելու դեպքում, կարող է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում