«Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ի հոդվածը հրապարակվել է Եվրոպական քաղհասարակության Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված նախաձեռնության (EPNK) Commonspace.eu կայքում։ Հայերեն տարբերակը ներկայացրել է safesoldiers.am կայքը։
«Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի օգոստոսին ստորագրված հրամանի` զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
Հարց է ծագում. ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ ո՞ր տեղեկություններն են պաշտոնյաները ծնողներին իմանալ թույլատրելի համարում, որը՝ ոչ, և ինչո՞ւ: Ո՞րն է սրա նպատակը:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն արդեն 4 տարի է, ինչ աշխատում է հարաբերականորեն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, փորձում օգնել նրանց պարզել, թե ինչ պայմաններում և ինչու են իրենց որդիները մահացել Հայրենիքին ծառայելու ընթացքում: Նրանցից շատերն են դիմել կազմակերպությանն` օգնություն հայցելով: Ի պատասխան՝ «Խաղաղության երկխոսությունը» գործարկեց «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» կայքը (www.safesoldiers.am), որն ստեղծվել է զոհված զինծառայողների ծնողներից տեղեկատվություն ստանալու համար։ Վերջինս, միայն համապատասխան պաշտոնյաների հետ ճշտելուց հետո պետք է հրապարակվեր: Պաշտպանության նախարարությունը նախ համագործակցեց՝ մեկ անգամ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, այնուհետև, սակայն, ամեն ինչ փոխվեց. սկսած 2014 թվականից ՊՆ-ն այլևս չպատասխանեց «Խաղաղության երկխոսության» գրություններին։ Կազմակերպությունը որոշեց դիմել դատարան` հույս ունենալով, որ դատական համակարգը կստիպի ՊՆ-ին կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ ունեցած իր պարտավորություններից մեկը, այն է՝ տեղեկատվություն տրամադրել: 2015 թ. հունվարին դատական գործընթացը մեկնարկեց:
Ըստ օրենքի՝ պաշտպանության նախարարությունը 30 օր ուներ դատական հայցին պատասխանելու համար, սակայն նրանք պատասխանեցին միայն 8 ամիս անց` այս տարվա օգոստոսի 15-ին: «Խաղաղության երկխոսությունն» ստացավ պաշտպանության նախարարի` տվյալ դատական հայցի վերաբերյալ վարչական դատարանին ուղղված առարկության պատճեն, որում նշվում է. ըստ նոր հրամանի` սկսած 2015 թվականի օգոստոսի 13-ից մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն ենթակա է գաղտնագրման:
Ո՞րն է նման հրամանի նպատակը, սգացող ծնողներին զրկել հնարավորությունից իմանալ, թե կոնկրետ ինչ է պատահել իրենց զավակներին հայրենիքի պաշտպանության ընթացքո՞ւմ: Արդյո՞ք այս մահվան դեպքերն այնպիսի բնույթ են կրում, որ նրանց մասին տեղեկատվության տրամադրումը ծնողներին կամ հասարակությանը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Միգուցե մի քանի՞սը։ Բայց, անկասկած, ոչ բոլորը:
Ըստ նույն հրամանի կետ 17-ի («ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»)՝ գաղտագրման ենթակա տեղեկություն են համարվում`
– Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունները,
– Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի
Ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի` այս հրամանը խիստ սահմանափակում է զինված ուժերի գործունեության վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Նախարարի հրամանով` անգամ ցանկացած ֆինանսական հաշվետվություններն են այժմ համարվում գաղտնագրման ենթակա տեղեկատվություն: Կազմակերպությունը մտադիր է ներկայացնել մեկ այլ դատական հայց` վիճարկելու համար վերոնշյալ հրամանը»:
Լուսանկարը՝ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին կայացած «Բանակն իրականում» քաղացիական նախաձեռնության կողմից կազմակերպված «Սևազգեստ բանակ» անունը կրող բողոքի երթից։