Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հունիսի 30-ի դատական նիստում գործով վկա, նախկին ժամկետային զինծառայող Լավրենտի Դավթյանը հայտնել է, որ չի լսել ինքնաձիգի լիցքավորման ձայնը, չնայած շուրջբոլորը լռություն է տիրել։ Այս մասին գրում է safesoldiers.am կայքը՝ հղում կատարելով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, դատարանում տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանին։
Նախաքննության ժամանակ Դավթյանը ցուցմունք է տվել, իբր կրակոցի պահին եղել է Մանուչարյանից շուրջ 50 մետր հեռավորության վրա, քանի որ, չնայած իր պահակակետի աշտարակը գտնվում էր 5-րդ պահակակետի աշտարակից 6-7 մետր հեռու, սակայն նա հեռացել էր իր պահակակետից և շրջում էր տարածքում։ Դատաքննության ժամանակ, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, վկայի խոսքերում այդ 50 մետրը դարձավ 20 մետր, սակայն մնացյալում նա, ըստ էության, կրկնեց իր նախաքննական ցուցմունքը. չի տեսել Մանուչարյանին աշտարակ բարձրանալիս, իր վրա կրակելիս, չի գնացել դեպքի վայր, դեպքի վայրի մասին ենթադրում է միայն ուրիշների պատմածներից, չի տեսել Մանուչարյանի դիակն իջեցնելիս։ Վկան, ըստ էության, խոստովանեց, որ նա չգիտի, թե որն է դեպքի վայրը, չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչու պետք է Մանուչարն ինքնասպան լիներ, եթե նա դեպքից առաջ սովորական տրամադրություն ուներ, նշել է փորձագետը։
Ըստ նրա՝ եթե նախաքննության ժամանակ վկան ասել է, որ մոտավորապես 3 կրակոցի բարձր ձայն է լսել, ապա երկու տարի անց նրա մոտ այդ «մոտավոր» բառը փոխարինվել է համոզմունքով, որ նա լսել է երեք կրակոցի ձայն։ Նախորդ վկաները միանշանակ հրաժարվել են նախաքննության ժամանակ տրված «երեք կրակոցների» մասին իրենց ցուցմունքներից։
«Այս վկայի ցուցմունքը, խոշոր հաշվով, տարօրինակ է և հակասում է գործով անցնող մնացած բոլոր վկաների ցուցմունքներին։ 10-ից ավելի վկաներ առանձին-առանձին նշում են, որ Մանուչարյանն առնվազն 4 անգամ հեռացել է պահակատնից (իբր նա դեպքի օրը առավոտյան խոսել է կապիտան Մուրադյանի հետ, մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի հետ կենցաղային սենյակ, արտաքնոց է գնացել, այնտեղից գլխահակ, ճնշված դուրս եկել եւ այլն), սակայն Դավթյանը պնդում է, որ նման բան չի եղել, նա մշտապես եղել է իր կողքին, իր տեսադաշտում։ Վկան հերքում է նաև ևս մեկ զինվորի ցուցմունք, ով հայտնում է, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 10-ին, Մ. Մանուչարյանին տեսել է իր իսկ պահակակետի աշտարակի տակ միայնակ, անզեն՝ առանց ինքնաձիգի կանգնած, ընդ որում, այդ ժամանակ Մանուչարյանի հերթապահությունն ավարտված է եղել (ժամը 9։00-ին) և նշված ժամին այնտեղ ծառայություն պետք է իրականացներ այլ զինվոր։ Ըստ Դավթյանի, սակայն, իրենք 4-5 տղաներով ժամը 9։20-ից մինչեւ 10։00-ն նախաճաշել են, հետո՝ կեղտոտ ափսեները տարել ճաշարան և վերադարձել։ Եթե նույնիսկ Մանուչարն իրենց հետ չի եկել՝ պատրավոր էր և պետք է կանգնած լիներ պահակատան դիմաց, որպես հերթապահ և ոչ մի տեղ չէր կարող գնալ», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին նիստի ընթացքում նախագահող Ա. Մկրտչյանը պարբերաբար չարաշահում էր իր պաշտոնական դիրքը՝ անհարկի միջամտություններով, վկային ուղղված հուշումներով։
«Օրինակ, իմ այն հարցին, թե եթե վկան կրակոցների ժամանակ գտնվել է դեպքի վայրից 20 մետր հեռու, ապա ինչու է ցուցմունք տվել նախաքննության ժամանակ, որ այդ հեռավորությունը եղել է 50 մետր, մինչ վկան կպատասխաներ այդ հարցին՝ նախագահողը կրկնեց իմ հարցն՝ արդեն ակնհայտ ուղղորդումով. «Դավթյան, Դուք 20 մետր հեռո՞ւ եք եղել, թե՞ 50»։ Դավթյանի՝ «20 մետր» պատասխանը գոհացրեց նախագահողին, սակայն չէր կարող գոհացնել ինձ, քանի որ իմ հարցի իմաստը նենգափոխվեց դատավորի կողմից։ Իմ, մեղմ ասած, դժգոհությունն առիթ տվեց դատավորին նիստը 5 րոպեով ընդհատել, սակայն ընդմիջումից հետո էլ ձգտեցի բացատրություն ստանալ նրանից, թե ինչ իրավունքով է ընդհատում իմ հարցաքննությունը, նենգափոխում իմ հարցերը»,- ասել է Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ այստեղ