հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բանակում մահացած զինվորի գործով տուժող կողմին տեղեկություններ չեն տրամադրում․ փորձագետ

Բանակում մահացած զինվորի գործով տուժող կողմին տեղեկություններ չեն տրամադրում․ փորձագետ

2013 թվականի հուլիսի 31-ին հրազենային 3 կրակոցներից սպանված ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի նախաքննության ընթացքի վերաբերյալ նախաքննական մարմինը մինչ օրս տուժող կողմին որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով զբաղվում է Մանուչարյանի գործով։

Մանուչարյանը բանակ էր զորակոչվել 2012 թվականի ամռանը Վանաձորի զինկոմիսարիատից: Նրա մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրօրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

«Մինչ օրս տուժող կողմը չգիտի, թե ովքե՞ր են սպանել Մանուչարյանին, ովքե՞ր են կալանավորվել, ու՞մ է ներկայացվել մեղադրանք և ի՞նչ հոդվածով: Ավելին, ըստ ՀՔԾ աշխատակցի բանավոր խոսքերի, քննությունը շարունակում է ընթանալ կեղծ «ինքնասպանություն» վարկածի շուրջ», – ասել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշել է, որ ինքնասպանության վարկածը մերկապարանոց է, ոչնչով չհիմնավորված:

«Դրա ապացույցն է այն, որ, համաձայն փորձագիտական եզրակացության, սպանության գործիք հանդիսացող ԱԿՍ-74 ինքնաձիգի վրա, որով իբր Մանուչար Մանուչարյանն ինքնասպան է եղել, վերջինիս մատնահետքերը չեն հայտնաբերվել: Ի լրումն այս փաստի՝ բերենք մեկ այլ փաստ. համաձայն թիվ 259 դատակենսաբանական փորձաքննության` նշված ինքնաձիգի վրա Մանուչարյանի արյան հետքեր չեն հայտնաբերվել: Մինչդեռ նշված հանգամանքներում, երբ կրակոցը եղել է կզակի տակից, ներքևից վերև, իսկ Մանուչարյանը գտնվել է նստած վիճակում, արյան հետքեր ինքնաձիգի վրա, առնվազն արյան կաթիլների տեսքով, անպատճառ պետք է լինեին:

Ըստ դիակի դատաբժշկական եզրակացության`դատաբժիշկ Գ.Շ.Գաֆարյանը Մանուչարյանի մարմնի արտաքին զննությամբ հրազենային վնասվածքներից բացի հայնաբերել է նաև «արյունազեղում կրծքավանդակի աջ կեսի շրջանում, որը ևս առաջացել է կենդանության օրոք, բութ կոշտ առարկայի ներգործությամբ», ինչպես նաև «վերնամաշկի բացակայության տեղամասեր գոտկային շրջանում, որոնք առաջացել են մահվանից հետո բութ կոշտ առարկաների ներգործությամբ»:

Առաջին փաստը վկայությունն է նրա, որ անհայտ անձը մինչ Մանուչարյանին սպանելը բռնություն է գործադրել նրա հանդեպ, իսկ երկրորդը վկայում է այն մասին, որ սպանությունից հետո Մանուչարյանի դիակը տեղաշարժվել է: Նախաքննական մարմինը մինչ օրս այն 2 փաստերի շուրջ օբյեկտիվ քննություն չի կատարել, քանզի դրանք հակասում են «ինքնասպանություն» կեղծ վարկածին», – պատմել է Մարտիրոսյանը: