2013 թվականի հուլիսի 31-ին 3 հրազենային կրակոցներից մահացած ՀՀ ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանի գործով նախաքննությունն ընթանում է ոչ օբյեկտիվ: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության բանակային գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Մանուչարյանը բանակ էր զորակոչվել 2012 թվականի ամռանը Վանաձորի ՏԶԿ-ից: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
«Նախաքննությունը ոչ օբյեկտիվ է, քանի որ քննվում է միայն ինքնասպանության վարկածը: Հարուցված քրեական գործի հենց սկզբից նախաքննական մարմինը հայտարարեց, որ Մանուչարյանն ինքնասպանություն է գործել: Որպեսզի այս վարկածը կասկածի տակ չդրվի, ՊՆ Քննչական ծառայությունը կեղծ լուրեր է տարածել, թե իբր Մանուչարյանը եղել է Եհովայի վկա և/կամ իբր ունեցել է սիրած աղջիկ ու ինքնասպան է եղել, երբ այդ աղջիկը մերժել է նրա սերը: Այս երկու վարկածներն էլ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – ասել է փորձագետը:
Վերջինս պատմել է, թե գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ ու ստացվել են դրանց մի մասի պատասխանները, որոնք արդեն ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն, ըստ Մարտիրոսյանի, ոչ մի էական նշանակություն ունեցող հետևություն չեն տվել:
«Սպանության պահին Մանուչարյանը եղել է վերակարգում ընդգրկված ժամապահ: Փորձաքննությամբ Մանուչարյանի մոտ գտնվող զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, որի փաստը բավարար ապացույց և հիմք է նրա, որ Մանուչարյանին սպանել են: Առնվազն անլուջ և անհեթեթ է մատնահետքերի բացակայության մասին խոսելը, քանի որ Մանուչարյանը որպես ժամապահ ծառայությունը կատարում էր զենքով: Մատնահետքերը նման պայմաններում կարող էին ոչնչացնել կամ հանցագործները, կամ նախաքննական մարմինը` դեպքը որպես ինքնասպանություն ներկայացնելու նպատակով», – պատմել է մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախաքննության ընթացքի օբյեկտիվության նկատմամբ հիմնավոր կասկածներ է առաջանցում նաև այն հանգամանքը, որ շուրջ երկուս և կես ամիս է՝ տրված չէ զորամասի տարածքը տեսահսկող տեսախցիկների ձայնագրառման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:
«Նշվածը հիմք է տալիս հանգել եզրակացության, որ հերթական անգամ ՊՆ քննչական ծառայությունը զինվորի սպանության գործը «բացահայտում է» սպանվածի հարազատներին և հանրությանը մոլորեցնելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու և իրական հանցագործներին թաքցնելու միջոցով», – եզրափակել է փորձագետը: