հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչու զոհված զինծառայողի գործը չի բացահայտվի․ պատմել է փաստաբանը

Ինչու զոհված զինծառայողի գործը չի բացահայտվի․ պատմել է փաստաբանը

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի գործով քննիչ Մ. Նալբանդյանի որոշումներով նշանակված բազմաթիվ փորձաքննությունների մի մասի եզրակացություններն արդեն պատրաստ են, սակայն դրանք գրեթե ոչ մի նշանակություն չունեն. փորձագիտական եզրակացություններով դեպքի վերաբերյալ ոչ մի էական փաստ չի բացահայտվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է Մանուչարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Մանուչարյանը մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին 3 հրազենային կրակոցներից։ Համաձայն պաշտոնական վարկածի նրան ինքնասպանության են հասցրել, թեև, ինչպես նշել է Պապիկյանը, փորձաքննություններից մեկով պարզվել է, որ այն զենքը, որից իբր թե Մանուչար Մանուչարյանը ինքնասպանություն է գործել, մատնահետքեր չի պարունակում:

Պապիկյանը նաև խոսել է գործով մեկ փորձաքննության մասին, որը խայտառակ է որակել։

«Մանուչարյանի զորամասում ծառայող երկու զինծառայողների 2013 թ. հոկտեմբերին կալանավորում և տեղափոխում են կարգապահական մեկուսարան: Քննչական մարմինը, կասկածներ ունենալով, որ այդ զինծառայողները Մանուչարյանի, այսպես կոչված, ինքնասպանության գործի հետ կապ ունեն, որոշում է գաղտնալսել մեկուսարանում նրանց զրույցները: Այդ նպատակով ստացվում է դատարանի թույլտվությունը՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար: Կալանավորների խցում կատարվում է տեսանկարահանում գաղտնատեսախցիկով:

2013թ. նոյեմբերի 5-ին նշանակվում է դատատեսաձայնագրառային փորձաքննություն՝ պարզելու երկու լազերային սկավառակների ձայնագրառումների խոսակցության բովանդակությունը: Նոյեմբերի 7-ին սկսվում է փորձաքննությունը, որի եզրակցությունը ինձ տրվել է 2014 թ. մարտի 13-ին:

Համաձայն փորձագետների տված եզրակացության շուրջ 5 ժամ գաղտնատեսախցիկով կատարված տեսանկարահանման մեջ հնարավոր է եղել վերծանել … մի քանի բառ կամ արտահայտություն. օրինակ՝ «երբ ենք ծխելու», «նայի, որ ասում են …», «ջոգում ես»:

Ավելին հնարավոր չէ եղել վերծանել, քանի որ տեսաձայնագրող տեխնիկական միջոցը եղել է կալանավորված անձանցից շատ հեռու, իսկ տարածքում եղել է աղմուկ:

Տեղի ունեցածը խայտառակություն է. մշակվել, նախապատրաստվել և իրականացվել է օպերատիվ-հետախուզական միջոցառում, դրանում ընդգրկված են եղել բազմաթիվ իրավասու անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, այլ անձինք, կալանավորվել են մարդիկ (կասկածյալներ): Այս ամենը կատարվել է հանուն Հայաստանի Հանրապետության: Սակայն տեսանկարահանող սարքի ոչ պիտանի կամ դա տեղադրողի անգրագետ կամ խցում ինչ-որ 5-ժամյա աղմուկի պատճառով կատարելապես ձախողվել է գուցեև կարևորագույն օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Վստահ եմ, որ ոչ միայն ես, այլ երևի թե ոչ ոք չի հավատում, որ «մշակված օպերացիան» ձախողվել է սարքի կամ այն տեղադրողի պատճառով: Ուղղակի անհնար է բանակի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հաղթանակներով անընդհատ հպարտացող երկրում մեկ աշխատող տեսանկարահանող սարք և դրա օգտագործման ձևը իմացող մարդ չգտնել: Ավելի շատ հակված եմ կարծել, որ «օպերացիան» ձախողվել է միտումնավոր: Չեմ կարող բացառել, որ օպերացիան ամենևին էլ չի տապալվել, գուցե ձայնագրությունը լիարժեք է, և դրա վերծանման հետևանքները կբացահայտեն ավելին քան «պետք է»», – ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ կասկած է հարուցում նաև այն փաստը, որ 2013 թ. նոյեմբերի 7-ին երկու փորձագետների կողմից սկսված փորձաքննությունը՝ շուրջ 5 ժամանոց սկավառակների հետազոտման համար ավարտվել է միայն 2014 թ. փետրվարի 28-ին, եզրակացությունը բաղկացած է ընդամենը 4 էջից, այսինքն յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր փորձագետ գրել է կես էջ:

«Այսքանից հետո գրեթե որևէ կասկած չկա, որ քննչական մարմինը, նրա աշխատանքների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող դատախազը շուտով կփակեն գործը՝ առանց ճշմարտությունը բացահայտելու», – հավելել է Պապիկյանը: