հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Զոհված զինծառայողի գործով ևս մեկ վկա հրաժարվեց ցուցմունքից

Զոհված զինծառայողի գործով ևս մեկ վկա հրաժարվեց ցուցմունքից

2013թ․ զոհված ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով ընթացող դատավարության ընթացքում վկա, Մանուչարյանի ծառայակից Արման Սահակյանը հրաժարվել է նախաքննական ցուցմունքից՝ հայտարարելով, որ ինքը քննիչների թելադրանքով սուտ ցուցմունք է գրել։ Այս մասին հայտնում է safesoldiers.am-ը։

Համաձայն նախաքննության վարկածի` Մանուչարյանն ինքնասպան է եղել (գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով), սակայն տուժող կողմը պնդում է, որ տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է։

Վկա Սահակյանն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել էր, որ դեպքին նախորդող օրերին զորամասում չի եղել, սակայն իր ծառայակից Լիբիկ Մկրտչյանն իրեն պատմել է այն մասին, թե դեպքից օրեր առաջ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը բազմիցս ճնշել, հայհոյել և նվաստացրել է հանգուցյալ Մանուչար Մանուչարյանին։

Հունիսի 9-ին կայացած դատական նիստում իր կեղծ ցուցմունք գրելու հանգամանքը բացատրելով՝ վկան ասել է, որ դա ճնշումների հետևանք չէր, այլ իր հոգեկան ծանր վիճակի․ նա իր տատի և պապի մահվան կապակցությամբ արձակուրդից վերադառնալուց հետո զորամասում է եղել դեպքից շուրջ 4 ժամ անց, ուստի ցուցմունք տալու ժամանակ եղել է ընկճված, կամազուրկ վիճակում, չի կարողացել ընդդիմանալ քննիչի պահանջին և գրել է այն ամենն, ինչ վերջինս թելադրել է։

Գործով մեկ այլ վկա՝ ժամկետային զինծառայող Արթուր Աբրահամյանը (լուսանկարում), ևս հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքի մեծ մասից, իսկ որպես պատճառ նշել էր, որ այդ ցուցմունքները տվել է ճնշումների, սպառնալիքների արդյունքում։

Վկան հայտարարել է, որ չի ճանաչել Մանուչար Մանուչարյանին, մինչդեռ նախաքննության ժամանակ ասել էր, որ իբր նա դեպքի օրը առավոտյան մի քանի անգամ տեսել է Մանուչարին կապիտան Մուրադյանի հետ խոսելիս, մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի հետ կենցաղային սենյակ, արտաքնոց մտնելիս, այնտեղից գլխահակ, ճնշված դուրս գալիս։

Լուսանկարում՝ safesoldiers.am