Հուլիսի 31-ին Քանաքեռի զորամասի պահակակետի դիտաշտարակում 3 հրազենային կրակոցներից մահացած ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահը չէր կարող ինքնասպանության հետևանք լինել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով հետևում է գործի քննությանը:
«Վանաձորից 2012 թվականին զորակոչված Մանուչարյանը հմուտ հետախույզ էր և դիպուկահար: Աչքի էր ընկնում ֆիզիկական տվյալներով և կամքի մեծ ուժով: Վերջին տարիներին որդեգրած արատավոր գործելաոճին հավատարիմ մնալով՝ առաջին իսկ օրը նախաքննական մարմինը հայտարարեց, թե իբր Մանուչարյանն ինքնասպանություն է գործել: Այս սուտը «ապացուցելու» համար ՊՆ Քննչական ծառայությունը սկսել է կեղծ լուրեր տարածել, թե իբր Մանուչարյանը եղել է Եհովայի վկա և (կամ) իբր ունեցել է սիրած աղջիկ և ինքնասպան է եղել, երբ այդ աղջիկը մերժել է նրա սերը: Ասենք, որ այս երկու վարկածներն էլ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ըստ մեր ունեցած տվյալների՝ հրազենային վնասվածքներից բացի, Մանուչարյանի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են նաև մեխանիկական վնասվածքներ: Ասենք նաև, որ սա այն եզակի դեպքն է, որ դիահերձմանն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել սպանվածի հարազատները»,- ասել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ զինվորի մահից հետո news.am կայքին հարցազրույց է տվել նրա մայրը, ով պնդել է, որ իր որդին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եղել, իսկ Եհովայի վկա լինելու վերաբերյալ պատմությունը հորինվածք է:
Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):