Բանակում զոհված ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործով վկա Արթուր Աբրահամյանին (լուսանկարում), ով գործով դատական նիստին հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքից, ցանկացել են ապօրինաբար տանել ՊՆ քննչական ծառայություն։ Այս մասին ասված է «Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Արթուր Աբրահամյանը, հրաժարվելով նախաքննական ցուցմունքներից, հայտարարել էր, որ այդ ցուցմունքները տվել է ճնշումների, սպառնալիքների արդյունքում։ Վկան նշել էր, որ չի ճանաչել Մանուչար Մանուչարյանին, մինչդեռ նախաքննության ժամանակ ասել էր, որ իբր նա դեպքի օրը առավոտյան մի քանի անգամ տեսել է Մանուչարին կապիտան Մուրադյանի հետ խոսելիս, մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի հետ կենցաղային սենյակ, արտաքնոց մտնելիս, այնտեղից գլխահակ, ճնշված դուրս գալիս։ Վկան միաժամանակ ցանկություն էր հայտնել փաստաբան ունենալու, ինչը տրամաբանական է։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ պատրաստ է օգնել վկային, որպեսզի նա անվճար փաստաբան ունենա։
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արթուր Աբրահամյանը զանգահարել է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին և հայտնել, որ այդ պահին իրեն ապօրինաբար ցանկանում են տանել դատախազություն։ Ավելի ուշ Մուշեղ Շուշանյանին հաջողվել է պարզել, որ զինվորին հապշտապ ծանուցագիր ներկայացնելով՝ պահանջել են անմիջապես ներկայանալ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն։
«Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ վկային անձամբ ծանուցագիր հանձնելով և նույն պահին ստիպելով, որ նա ներկայանա ՀՀ ՊՆ ՔԾ, նախաքննական մարմինը ձգտում է թույլ չտալ, որպեսզի վկան հարցաքննվի փաստաբանի ներկայությամբ։
«Անցանկալի» վկաների նկատմամբ նման վարվելակերպը, ըստ կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի, սովորական է, և նման օրինակների նա հանդիպել է բազմաթիվ այլ գործերով։