Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանը պնդում է՝ ինքը սուտ մատնության զոհ է. դատախազը գործը չի վերաբացում

Իրավապաշտպանը պնդում է՝ ինքը սուտ մատնության զոհ է. դատախազը գործը չի վերաբացում

«Վելես» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը (լուսանկարում) պնդում է, որ ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը փորձ է անում իր վրա ճնշում գործադրել՝ նպատակ ունենալով խանգարել իր իրավապաշտպանական գործունեությանը։

Պողոսյանը նշում է, որ Երիցյանին ճանաչում է իր կազմակերպությանը դիմած մարդկանց միջոցով, քանի որ նրանցից մի քանիսը տուժել են Երիցյանի վաշխառուական գործունեությունից. տոկոսով փող վերցնելով՝ մարդիկ կորցրել են իրենց գույքը։ Երիցյանը, իր հերթին, հաղորդում էր տվել այն մասին, որ Պողոսյանը գումար է շորթել: Նախաքննությամբ Պողոսյանի մեղքը չի հաստատվել, գործը կարճվել է, իսկ այժմ «Վելեսի» ղեկավարը պահանջում է սուտ մատնության համար պատժել Երիցյանին:

«Մենք ուզում ենք, որ գործը նորից գնա քննության ոչ միայն [նրա համար], որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնության համար դատապարտվի, այլև որ օբյեկտիվ քննություն անցկացվելու դեպքում մեր՝ «Վելես» իրավապաշտպանական կազմակերպության մի քանի շահառուների՝ Զինաիդա Մելիքյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Գայանե Թումասյանի գործերի կծիկը բացվի, պարզվի Հովհաննես Երիցյանի մաֆիան»,- այսօր Վերաքննիչ դատարանում կայացած նիստից հետո ասել է Պողոսյանը:

Նշենք, որ դեռևս ամռանն առաջին ատյանի դատարանը՝ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Պողոսյանի պահանջը և գործն ուղարկել հետ՝ քննության: Որոշումը հրապարակվել է հուլիսի 31-ին, սակայն քննությունն այդպես էլ չէր սկսվել։ Դատախազ Մարտին Նալբանդյանը դատարանի վճիռը սեպտեմբերին բողոքարկել է Վերաքննիչում, մինչդեռ նա իրավունք ուներ դա անել 10-օրյա ժամկետում:

Այսօրվա նիստին դատախազը պատճառաբանել է, որ միայն սեպտեմբերի 15-ին է դատական ակտը ստացել դատարանից, ուստի չէր կարող ավելի շուտ բողոքարկել:

«Չէին բողոքարկում, քանի դեռ ես չէի դիմել Հատուկ քննչական ծառայություն քննիչի հանցավոր գործունեությունը ապացուցելու համար և քանի դեռ Երիցյանը Մոսկվայից չէր եկել և փող տվել, որ բողոքարկեն: Եթե Բեկթաշյանը այդքան ուշացրել էր [որոշումն ուղարկելը], ինչո՞ւ չդիմեցիք Արդարադատության խորհուրդ», – արձագանքել է Մարինա Պողոսյանը, ով դիտավորություն է տեսնում դատախազի ու քննիչի գործողություններում:

Քննիչ Պարույր Աղաբաբյանը դատարանում հայտարարել է, որ Մարինա Պողոսյանի իրավունքները չեն խախտվել, ինչպես վճիռում գրել է առաջին ատյանի դատարանը:

«Մարինա Պողոսյանի նկատմամբ հետապնդում չի սկսվել»,- պատճառաբանել է քննիչը:

Պողոսյանը մեզ հետ զրույցում նկատել է, որ քննիչը, փաստորեն, կարծում է, թե «ես պետք է գոհ ու շնորհակալ լինեմ, որ ազատության մեջ են»:

«Ես կամ պետք է շորթում կատարելու մեջ մեղադրվող լինեի, կամ տուժող՝ սուտ մատնության զոհ: Ինձ վկայի կարգավիճակ էին տվել, վկային վկայի հետ առերեսո՞ւմ են: Հիմա էլ հայտարարում են, որ դատարանը սխալ էր, քանի որ վկայի իրավունքները չեն խախտվել»,- ասել է Պողոսյանը: