Գլխավոր / Տեսանյութեր / Պուտինը, Ալիևը և հայ չինովնիկը՝ գաղտնազերծված փաստաթղթերում

Պուտինը, Ալիևը և հայ չինովնիկը՝ գաղտնազերծված փաստաթղթերում

Օֆշորային ընկերության փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է՝ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան չինովնիկներ օգտագործում են օֆշորային մեխանիզմները հարկերից խուսափելու համար։ Այդ ցուցակում մեդիաները հիշատակում են, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանից էլ՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին։ Գաղտնազերծված փաստաթղթերի հարցը վերջին օրերին աշխարհում ամենաքննարկվող և սկանդալային թեման է։

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է 11,5 միլիոն փաստաթուղթ աշխարհի չորրորդ խոշորագույն օֆշորային իրավաբանական ընկերության՝ Mossack Fonseca֊ի տվյալների բազայից։ Փաստաթղթերի արտահոսքը, որը ստացել է «Պանամական փաստաթղթեր» անվանումը, իրականացվել է անհայտ աղբյուրի կողմից գերմանական Süddeutsche Zeitung թերթին, որն էլ, իր հերթին, դրանք փոխանցել է ICIJ֊ին։

Ընկերության պաշտոնական փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրից ավել քաղաքական գործիչներ, այդ թվում՝ տասներկու պետությունների առաջնորդներ ու նրանց մերձավորները, օգտագործում գաղտնի օֆշորային մեխանիզմներ հարկերից խուսափելու, փողերի լվացման ու այլ ֆինանսական խարդախությունների նպատակով։ Փաստաթղթերում հիշատակվում են Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի, Իրաքի նախկին փոխնախագահ Այադ Ալավիի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Եգիպտոսի նախկին նախագահի որդու՝ Ալաա Մուբարակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Իսլանդիայի վարչապետ Դավիդ Գուննլաուգսոնի անունները։ Իսլանդիայում բարձրացած բողոքի ալիքի հետևանքով վերջինս արդեն հրաժարական է ներկայացրել։

Պանամայում հիմնված Mossack Fonseca իրավաբանական ընկերության ծառայությունների թվում է կեղծ ընկերությունների գրանցումը մի շարք օֆշորային գոտիներում՝ այդ թվում Շվեյցարիայում, Կիպրոսում ու Բրիտանական Վիրջինյան կղզիներում․ արտահոսքի համաձայն՝ 1977֊ 2015թթ ընկած ժամանակահատվածում այն ստեղծել ավելի քան 200 000 նման ընկերություն։ Mossack Fonseca֊ի հիմնադիրներից մեկը ծագումով գերմանացի Յուրգեն Մոսակն է, ում հայրը Գերմանիայից Պանամա է տեղափոխվել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ընկերության երկրորդ ղեկավարը Ռամոն Ֆոնսեկան է՝ հայտնի պանամացի գրող ու իրավաբան, ով վերջին տարիներին աշխատել է նաև որպես երկրի նախագահի խորհրդական։

Փաստաթղթերում նկարագրվում է ֆինանսական խարդախությունների տարատեսակ սխեմաներ։ Օրինակ, 2011 թվականի փետրվարի 10֊ին Վիրջինյան կղզիներում գրանցված Sandalwood Continental Ltd. անանուն ընկերությունը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել մեկ այլ անհայտ ընկերության՝ Կիպրոսում գրանցված Horwich Trading Ltd.֊ին։ Հաջորդ օրը Sandalwood֊ը վարկի հետվճարները ստանալու իրավունքները հանձնել է Վիրջինյան կղզիներում գրանցված առեղծվածային Ove Financial Corp․֊ին։

Այդ իրավունքների համար վերջինը վճարել է ընդամենը 1 դոլար։

Նույն օրը Ove֊ն նոր ձեռք բերված իարվունքները փոխանցել է պանամական International Media Overseas. ընկերությանը, որմ, իր հերթին, նույնպես դրանց դիմաց վճարել է 1 դոլար։

24 ժամվա ընթացքում վարկը, ըստ փաստաթղթերի, անցել է երեք երկրների, երկու բանկերի ու չորս ընկերությունների միջով՝ ընթացքում վերացնելով տրամադրված գումարի բոլոր հետքերը։

«Պանամական փաստաթղթերի» համաձայն, Sandalwood Continental֊ը հիմնել ու փողի հոսքը վերահսկել է սանկտպետերբուրգյան «Ռոսիա» բանկը, որի սեփականատիրոջն ու ղեկավարին անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «գանձապահներից» մեկը։

Միևնույն ժամանակ, International Media Overseas ընկերությունը, որը ստացել է $200 միլիոն վարկի դիմաց վճարվելիք տոկոսների վերջնական իրավունքները, ղեկավարվում էր Պուտինի վաղեմի ընկերներից մեկի՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի կողմից։

Տվյալ վարկը, ըստ Mossack Fonseca֊ի գաղտնազերծված փաստաթղթերի, Պուտինի անվան հետ այս կամ այն կերպ առնչվող, ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլարի տասնյակ գործարքներից միայն մեկն էր։

«Պանամական փաստաթղթերը» համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահի ընտանիքի անդամներն օգտագործել են պանամական ընկերություններ ու հիմնադրամներ Լոնդոնում ունեցած անշարժ գույք ու ոսկու հանքերում ունեցած մասնաբաժինները քողարկելու նպատակով։

Ապրիլի 4-ին hetq.am-ը հրապարակել էր «Պանամական փաստաթղթերում» Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված տվյալները։ Մասնավորապես,

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների.

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated)

«Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated)

«Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: «Հետքը» նշում է, սր փաստաթղթերում գաղտնազերծված անձը ՀՀ քաղաքացի ոմն Միհրան Պողոսյան չէ, այլ հենց ԴԱՀԿԾ պետն է, ում գրանցման հասցեն և անձնագրային տվյալներն ուղարկվել են գրանցող/միջնորդ ընկերության կողմից վերոնշյալ ընկերությունների գրանցման, բաժնեմասի տնօրինման, բանկային հաշիվների բացման համար:

«Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում՝ այն գնահատելով ընդամենը 25,8 մլրդ դրամ և հաշվի չառնելով, որ համալիրը պետական հուշարձան է: Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը չէր զարմանա, թե ինչու էր գնահատողի հետ մեկտեղ այդ օրը ամբողջ ԴԱՀԿԾ-ն գտնվում իրենց շենքում, եթե իմանար, թե ում է պատկանում այդ ընկերությունը», ֊ նշում է կայքը:

Օֆշորային ընկերությունների բաժնետեր լինելու վերաբերյալ «Հետքի» հարցմանը Միհրան Պողոսյանի ղեկավարած գերատեսչությունը պատասխանել է հակիրճ․

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ձեր հարցման մեջ նշված ընկերությունների հետ որևէ առնչություն չունի»։