Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ, հունվարից անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը համոզված է, որ իշխանությունները, օգտագործելով դատախազությունն ու քննչական մարմինը, քաղաքական հետապնդում են իրականացնում իր դեմ։ Այս մասին նա այսօր հայտարարել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացված դատական նիստին։
Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Սաֆարյանը դատական նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը հստակ կազմակերպված «քաղաքական պրովոկացիա է, և ոստիակններն Ամանորի գիշերն ամեն կերպ փորձել են հենց սադրելու միջոցով այնպես անել, որ ինքը հարվածի ոստիկանին, սակայն ինքը չի հարվածել․ «Ոստիկանների իրար հակասող վկայությունները և տեսանյութերի ապացույցները փաստում են, որ ոստիկանները, չհասնելով իրենց նպատակին, իրենք են հարվածել Գեղամ Խաչատրյանին։ Սա հստակ կազմակերպված պրովոկացիա էր իմ դեմ, ինչը հաստատեց նաև այն, որ ձերբակալվեց նաև «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը։ Այս քրեական գործը միայն իշխանության կողմից քաղաքական ճնշումներ իրականանելու համար է արվում»։
Դատական նիստին այսօր շարունակվել է վկաներից ոստիկան Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը, ում վկայությունների հակասությունների պատճառով հրապարակվել է վերջինիս նախաքննական ցուցմունքները։
Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն առանձնացրել էր վկայի ցուցմունքների 15 հակասությունները։ Մասնավորապես, պաշտպանը նշել է որ Ապրեսյանն իր նախաքննական ցուցմունքում մի քանի անգամ նշել է, որ ոստիկանները «պաշտպանվելու նպատակով պատասխան հարվածներ են հասցրել և ձեռնամարտի հնարքներ են կիրառել», այնինչ դատարանի դահլիճում երեկ նա հավաստիացրել էր, որ իրենք չեն հարվածել քաղաքացիներին։
«Ես մոլորված եմ ուղղակի։ Նախաքննության մեջ վկան ասել է, որ իրենք էլ են հարվածել, հիմա ասում է՝ չենք հարվածել։ Այս հակասությունները ցույց են տալիս, որ վկան հորինում է իր ցուցմուքները, հետևաբար չի կարելի մարդուն մեղադրել նրա ցուցմունքների հիման վրա», ֊ ասել է Հայրապետյանը։
Վկան իրար հակասող վկայություններ է տվել նաև միջադեպի տևողության վերաբերյալ․ նախաքննության ժամանակ ոստիկանն ասել էր, որ դեպքը տևել է 2-3 րոպե, իսկ դատարանում տված վկայության ժամանակ ասել է, որ դեպքը տևել է մոտ 15-20 րոպե։
«Դուք նախաքննության մեջ ասել էիք, որ Գևորգ Սաֆարյանը ոստիկան Գեղամ Խաչատրայնին հարվածել է Հովհաննես Ղազարյանի ընկնելուց մի քանի րոպե հետո, հետո ասացիք՝ 5 րոպե, իսկ այսօր ասում եք, որ չեք հիշում», – ասել է պաշտպանը, ինչին ի պատասխան ոստիկանն ասել է․ «6 ամիս ա անցել, ինչ հիշեմ» ։
Այսօր դատարանում ցուցմունք է տվել նաև Ամանորի գիշերը Ազատության հրապարակում միջադեպի մասնակիցներից, ոստիկան Վաղինակ Մինասյանը: Նա ասել է, որ տեսել է, թե ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանի դեմքին, սակայն մանրամասներ չի հիշում։
Մինասյանը ևս հարցերի մեծ մասին պատասխանում էր, թե այս պահին չի հիշում, սակայն «նախաքնության մեջ ասել է»։ Նա հավաստիացրել է, որ, չնայած քաղաքացիների հարվածներին, իրենք ի պատասխան ոչ մի անգամ չեն հարվածել ու միայն «ձեռնամարտի հնարքներ կիրառելով փորձել են կանխել քաղաքացիների ագրեսիան»։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։