հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Բնապահպանին ոստիկանություն են կանչել՝ հանքարդյունաբերողներին «սպառնալու» գործով

Բնապահպանին ոստիկանություն են կանչել՝ հանքարդյունաբերողներին «սպառնալու» գործով

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազանգով կանչվել է ոստիկանություն։ Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ոստիկանությունից պատճառաբանել են, թե ինքը սպառնացել է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին։

«Ոստիկանությունից ինձ ասացին, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր ես և իմ համախոհները սպառնացել են իրենց, և հիմա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում այդ դիմումի հիման վրա։ Ես ասացի, որ չեմ գնա, քանի որ ծանուցում չեմ ստացել։ Ասացին՝ բա որ ծանուցագիր ուղարկենք, կգա՞ք, ասացի՝ ուղարկեք, կտեսնեմ․․», ֊ ասել է Լևոն Գալստյանը։

Բնապահպանի խոսքով՝ ինքը որևէ սպառնալիք որևէ մեկին չի տվել։ Նա միայն ենթադրում է, որ, հնարավոր է, Ամուլսարի մասին իրենց հրապարակած նյութերի տակ սոցցանցերում օգտատերերի կողմից թողած մեկնաբանություններն են վախեցրել «Լիդիան Արմենիա»֊ի աշխատակիցներին։

«Մենք ոչ մեկին չենք սպառնացել։ Մենք վերջին անգամ բողոքի ակցիա ենք կազմակերպել Ամերիկյան համալսարանի դիմաց, որտեղ Համաշխարհային բանկը կազմակերպել էր քննարկում հանքերի շահագործման թեմայով։ Մենք ասել ենք, որ նոր հանքեր չպետք է շահագործվեն Հայաստանում, առավել ևս՝ Ամուլսարի հանքը։ Իսկ արդեն գործող հանքերի համար պետք է վերանայվի՝ ինչ նորմերով, ինչ հարկային դաշտում, ինչ սեփատիրական իրավունքներով են դրանք շահագործվում»,֊ ասել է Գալստյանը։

Բնապահպանը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկի մաս կազմով IFC-ը`Միջազգային ֆինանսական կորպորացիան, բաժնեմաս ունի «Լիդիան Արմենիա» ընկերությունում։

«Համահայկական բնապահպանական ճակատ»֊ն, իր հերթին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը։

«Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։ Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

ՀԲՃ-ն՝ այլ ոչ անտարբեր կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին, մշտապես հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ այս ծրագրի անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով՝ բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության շրջանակներում», ֊ նշված է ՀԲՃ֊ի հայտարարության մեջ։