Home / Բնապահպանություն / Ամուլսարի շահագործումն արգելելու պահանջը դատարանում ձգձգվում է 2 տարի

Ամուլսարի շահագործումն արգելելու պահանջը դատարանում ձգձգվում է 2 տարի

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու կառավարության տված թույլտվությունը վիճարկող հայցը 2 տարի է գտնվում է վարչական դատարանում։ Այդ ընթացքում հանքարդյունահանող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ընդլայնել է իր նախնական ծրագիրը․ եթե 2009 թվականին այն նախատեսում էր մեկ տեղամասի շահագործում, ապա այսօր արդեն 3 առանձին տեղամասի և ցիանային ֆաբրիկայի ծրագիր ունի։ «Լիդիան Արմենիան» նաև հասցրել է դրամական միջոցներ հայթայթել․ հանքը շահագործելու ծրագիրն իրականացնելու համար ընկերությունը ստացել է 24 միլիոն ԱՄՆ դոլլար վարկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։

Փետրվարի 17-ին նշանակված նիստը ևս հետաձգվել է։ Պատճառն այն էր, որ 13 հայցվորներից մեկը՝ Գնդևազ գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանը պատշաճ չէր ծանուցվել։ Ըստ դատարանի դահլիճում հնչած մեկնաբանությունների՝  Մկրտչյանն ավելի վաղ ասել է, որ հրաժարվում է իր բողոքից։ Թեև մյուս հայցվորները դեմ չէին առանց նրա նիստը շարունակելուն, դատավոր Կարեն Զարիկյանը նիստը հետաձգել է, քանի որ նիստի շարունակելուն առարկել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչ Սայաթ Բադալյանը։

Ներկա բնապահպանները դատավորից դժգոհել են, թե երկու տարվա ձգձգումները դիտավորյալ են արվում։ «Ինչքան պետք է ձգե՞ք, մինչև  հանքը կառուցե՞ն», ֊ ասել է բնապահպաններից մեկը դատավոր Կարեն Զարիկյանին։

Ակտիվիստները նիստի էին եկել «Ոչ Ամուլսարի հանքին»,  «No mining in Amulsar»,  «Ջուր թե՞ ցիանիդ» պաստառներով։

Նիստից հետո Epress.am֊ի հարցին, թե ինչու է խոչընդոտում նիստի շարունակմանը, «Լիդիան Արմենիա»֊ի ներկայացուցիչն ասել է․ «Հայցվոր կողմն է ձգձգում գործը՝ աղմուկ  առաջացնելու  նպատակով»։  Բնապահպան իրավաբան Արթուր Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նույնիսկ եթե գարնանն արդեն «Լիդիան Արմենինան» սկսի հանքում շինարարությունը, այն ստիպված կլինի դադարեցվել, եթե վարչական դատարանը ի վերջո քննի գործն ու կայացնի վճիռ ի օգուտ հայցվորների։

Ամուլսարի հանքի վերաբերյալ քաղաքացիների և երկու բնապահպանական կազմակերպությունների բողոքի վերաբերյալ վարչական դատարանը ավելի վաղ կայացրել է միջդատական ակտ՝ ի օգուտ հանքաարդյունաբերողի։ Արթուր Գրիգորյանը պատմել է, որ դատարանը  որոշել էր, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  (ՇՄԱԳ) եզրակացությունը չի հանդիսանում վարչական ակտ, և վարչական դատարանը այն չի կարող բեկանել, թեև դրա հիման վրա է թույլ տրվել հանքի շահագործումը։

Բնապահպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ, որոնք որոշումը թողել են նույնը։ Հետո նրանք կոմունիկացիա են սկսել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի հետ։ Ըստ էության, Հայաստանի դատարանները խախտել են Կոնվենցիայով նախատեսված իրավունքները։