Home / Դատարան / «Հարվածեց քացով դեմքիս»․ կինը պատմել է՝ ինչպես է ամուսնու կողմից բռնության ենթարկվել

«Հարվածեց քացով դեմքիս»․ կինը պատմել է՝ ինչպես է ամուսնու կողմից բռնության ենթարկվել

Կինը դատարանում պատմել է՝ ինչպես է ամուսինը՝ Արա Խաչարտյանը, իրեն ծեծի ենթարկել, որից հետո վերջինս պահանջել է նիստերը դռնփակ անցկացնել։ Արա Խաչատրյանը նաև դեմ է եղել, որպեսզի լրագրողները տեսանկարահանեն իրեն, և դատավոր Արսեն Նիկողոսյանը թույլ է տվել տեսանկարահանել միայն Նաիրա Սմբատյանին և նրա փաստաբանին։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստում Նաիրա Սմբատյանը պատմել է, թե ինչպես է պարբերաբար իր ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ենթարկվել։

Նրանք ունեն 4 երեխա, որոնցից ամենափոքրը՝ 3 տարեկան որդին, այժմ մոր հետ ապրում է Սմբատյանին իրավաբանական աջակցություն տրամադրող «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գաղտնի ապաստարաններից մեկում։ 3 աղջիկները, որոնցից ամենամեծը 15 տարեկան է, գտնվում են հոր խնամակալության տակ։

Սմբատյանի խոսքով՝ աղջիկները գտնվել են հոր և նրա ծնողների ազդեցության տակ, և հորը գոհացնելու համար պարբերաբար ծաղրի են ենթարկել իրեն։

Նաիրա Սմբատյան

Դատարանում կինը պատմել է, որ 2017 թվականի հունվարի 4-ին, երբ հերթական վեճի ժամանակ ինքը ցանկացել է վերցնել իր դեռ 3 տարեկանը չլրացած որդուն և հեռանալ տանից, ամուսինը սկսել է հարվածել իրեն։

«Նա, օգտվելով իմ կռացած դիրքից, հարվածեց քացով դեմքիս, հետո երեխաներին ասում էր․ «Ինչ լավ կպավ չէ՞, ինչ լավ հարվածեցի, երեխանե՛ր, ծափահարեք»։ Իսկ մինչ դա էլ, որ լացում էի, ասում էր՝ «երեխաներ, չզանգե՞նք գժանոց, գան մամային տանեն»»,- Սմբատյանւ դեռ չի հասցրել ավարտել իր խոսքը, երբ դատավոր Արսեն Նիկողոսյանը հարցրել է, թե արդյո՞ք կինը վստահ է, որ ցանկանում է դատական նիստը դռնբաց անցկացնել։ Սմբատյանը պնդել է, որ ցանկանում է դռնբաց անցկացնել նիստը և բարձրաձայնել ընտանեկան բռնության մասին․ «Չեմ ուզում, որ իմ նման կանայք էլի լինեն»։

Շարունակելով կինը նշել է, որ ինքն այդ օրը ցանկացել է որդուն վերցնել սենյակից ու հեռանալ, սակայն աղջիկ երեխաները իրենց մեջտեղում են կանգնել, իսկ ամուսինը շարունակել է իրեն հարվածներ հասցնել․ «Մեր բոլոր դռների փականները ինքը կոտրել էր, ու ես խոհանոցից վերցրած գդալով էի փորձում դուռը բացել, որ տղայիս վերցնեմ, իսկ այդ ընթացքում հարվածները շարունակվում էին, ու [նրանք] ամեն կերպ չէին թողնում, որ տղայիս մոտենամ և հրում էին դեպի դուրս։ Այդ ընթացքում ես հասել էի միջանցք, որտեղ շարունակվում էին հարցվածները։ Այդ ժամանակ ներկաներից մենակ տան անդամներն էին, ու ոչ ոք չէր կարող լսել կռվի ձայները, որովհետև մեր վերևի հարևանները երկրում չեն, իսկ մեր մուտքը դրսից էր, դրա համար ոչ ոք չէր լսում ինչքան վիճաբանություն էլ որ լիներ»։

Կնոջ խոսքով՝ վերջին վիճաբանությունը սկսել է իրեն հերթական անգամ ծաղրանքի ենթարկելուց հետո․ «Ինձ անընդհատ ստորացնում էին։ Արայի ծնողները սկզբում ասում էին, որ ես կրթություն չունեմ, և ես իմ ուժերով ու միջոցներով ընդունվեցի ինստիտուտ և ավարտեցի հոգեբանության բաժինը, իսկ նրանք երեխաների ներկայությամբ ասում էին, որ դա մասնագիտություն չի, ասում էին՝ դու ոչ թե հոգեբան ես, այլ հոգեկան»,- Սմբատյանը չի կարողացել իր խոսքն ավարտել, քանի որ ամուսինը միջամտել է և պահանջել, որ դատաքննությունը փակ անցկացվի։

«Ես պահանջում եմ, որ դատաքննությունը փակ իրականացվի և դահլիճից դուրս հրավիրվեն այն անձինք, ովքեր եկել են այստեղ շոու սարքելու և նայելու։ Ես ունեմ հիմնավոր ապացույցներ, որ այն կազմակերպությունը, որը էս պահին միտումնավոր կերպով… անվճար սնունդ է տալիս և իրավաբանական օգնություն է տալիս… անվճար ոչ մի բան չի լինում, նրանք դրա դիմաց ցանկանում են ընտանեկան դժբախտությունը սարքեն համայն հանրության քննարկման առարկա, որը երեխաների հետագայի համար շատ վատ կարող է լինել, քանի որ աղջիկներն արդեն մեծ են ու վաղը երեխաների ամուսնանալու խնդիր է լինելու»,- պնդել է Խաչատրյանը։

Կինը, իր հերթին, հավաստիացրել է, որ ամուսինը չի մտածում երեխաների մասին և բազմաթիվ անգամներ է իր շահերի համար օգտագործել անչափահաս աղջիկներին։

Դատավորը դռնփակ նիստ անցկացնելու մասին միջնորդությունը քննարկելու համար հետաձգել է նիստը, որպեսզի վարույթն իրականացնող մարմինները՝ քննիչն ու դատախազը ևս ներկա գտնվեն։

Նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում Նաիրա Սմբատյանը նշել է, որ դռնփակ նիստի դեպքում գործը պատշաճ չի քննվում․ «Գործը քննվել ա, ոստիկաններն էլ ինձ տեսել են այդ վիճակով ու 3-4 ամիս ասել են, որ Արան մեղավոր ա, բայց հետո ասում էին, թե հայտնի չէ ինձ ծեծողի անձը։ Խնդրի մասին չի բարձրաձայնվել, դրա համար՝ ինչ ուզել արել ա, իսկ բոլոր գործերը կարճվել են»։

Սմբատյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ իրենց հատկապես ցանկանում են, որ այս խնդիրը բարձրաձայնվի, որպեսզի ոստիկանության կողմից նմանատիպ գործերն ավելի օբյեկտիվ քննվեն։

«Այս պատմությունն այսպես խորացավ, որովհետև տարբեր ոստիկանական բաժիններում այս ընտանիքում ծագած վեճերի գործերով նորմալ քննություն չի անցկացվել։ Կատարվել են միակողմանի քննություններ, ինչպես օրինակ, ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով, որն անհիմն որոշում է եղել, քանի որ այդ օրը տանը միայն Նաիրան և իր ամուսինն են եղել»,- նշել է պաշտպանը։

Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանը չի ցանկանում հրապարակային դատական նիստեր անցկացնել, որպեսզի չբացահայտվի իր կողմից կատարված ապօրինությունները և հանցագործությունները, որոնց մեջ նա ներքաշել է նաև իր անչափահաս երեխաներին։