Գլխավոր / Ազգային ժողով / Պուտինը կփորձի ալիք բարձրացնել Փաշինյանի դեմ․ Սաակաշվիլի

Պուտինը կփորձի ալիք բարձրացնել Փաշինյանի դեմ․ Սաակաշվիլի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշնանն ալիք կբարձրացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ռուսաստանյան «Նովայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Կովկասն արագ փոխվում է, նայեք Հայաստանին։ Բացարձակ վերահսկողություն (Ռուսաստանի կողմից֊խմբ․) չկա, իսկ միայն ռազմական վերահսկողությունը և ռուսաստանյան պրոպագանդան չեն կարող հետ պահել ժողովրդին կամարտահայտվելուց։ Բայց վախենամ՝ Պուտինը Հայաստանը հենց էնպես չի թողնի։ Կարծում եմ՝ աշնանը ալիք է բարձրացնելու Փաշինյանի դեմ։ Այն, որ վերջինս իրեն դուր չի գալիս, պարզ է։ Չնայած Փաշինյանն ամեն կերպ փորձում է հաճոյանալ նրան։ Բայց նրան հնարավոր չէ հաճոյանալ», ֊ ասել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչից Պուտինն ամենաշատն է վախենում․ «Ո՛չ փողը, ո՛չ տարբեր մեխանիզմները չկարողացան կասեցնել ժողովրդի կամարտահայությունը։ Պուտինը չէր կարող չտեսնել, որ այդ երիտասարդությունը արևմտամետ է, անգլալեզու, և բնականոն կերպով հեռանում է Ռուսաստանից։ Բացի դա, այնտեղ մեծ է նյարդայնությունը ռուսաստանյան զորքերի ներկայության պատճառով։ Հատկապես, երբ նրանք իրենց պահում են ոչ թե բարեկամական ուժի պես, ինչպես ամերիկացիներն էին իրենց պահում Արևմտյան Եվրոպայում, այլ որպես զավթիչներ․․․ Դա չի կարող չնյարդայնացնել մարդկանց ժամանակակից աշխարհում։

Ավելին՝ Փաշինյանը գնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմի» ղեկավարի՝ Քոչարյանի։ Նրանք Հայաստանում Ռուսաստանի գլխավոր հենասյուներն են։

Ես չգիտեմ՝ ինչ էր Փաշինյանը պատմում Մոսկվայում, բայց Պուտինը նման բաներ կուլ չի տալիս։ Հիմա նա ամեն դեպքում փորձելու է գահընկեց անել Փաշինյանին, դա ինձ մոտ ոչ մի կասկած չի առաջացնում։ Փաշինյանը լուրջ խնդիրներ է ունենալու, բողոքի ակցիաներ են սկսվելու, Մոսկվայում գտնվող օլիգարխները մեծ գումարներ են ծախսելու, Հայաստանի ներսում Փաշինյանի դեմ են միավորվելու կազմակերպված հանցավոր խմբերը։

Նա շատ քիչ ժամանակ ունի իր իշխանությունը կոնսոլիդացնելու համար․ իմ տեսանկյունից՝ նա իզուր չցրեց խորհրդարանը, երբ բոլոր լծակներն ուներ, իզուր չհավաքեց նոր մարդկանց։ Նա չցրեց իրավապահ համակարգը, փորձում է ձերբակալել Քոչարյանին, բայց հին իրավապահ համակարգը կսկսի սաբոտաժի ենթարկել նրա որոշումները։ Նա ամեն ինչ ճիշտ է անում, բայց չի փոխում համակարգը, իսկ հին համակարգը կդադարի կատարել հրամանները և կսկսի աշխատել նրա դեմ», ֊ ասել է Սաակաշվիլին։