212 հազար դոլար է հայտնաբերվել տակդիրների մեջ
Ամերիկացի սահմանապահները, զննելով ԱՄՆ-Կանադա սահմանը հատող Քվեբեկի բնակչուհու ավտոմեքենան, 212 հազար դոլար են հայտնաբերել: Գումարը թաքցված է եղել մեծահասակների համար նախատեսված տակդիրների մեջ, հաղորդում է կանադական QMI Agency գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին: Հայտնաբերված գումարը առգրավվել է, իսկ 61-ամյա Մոնիկ Սթորիին ձերբակալվել է`անօրինական ճանապարհով ԱՄՆ գումար տեղափոխելու մեղադրանքով:
Կանադուհին ճաղերի ետևում մի շաբաթ է անցկացրել, որից հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել` 100 հազար դոլար գրավի դիմաց: Հարուցված գործի նախնական լսումները տեղի կունենան ամիսներ անց: