Քլինթոնի այցից հետո Ռուսաստանը երաշխիքներ տվեց Հայաստանին. փորձագետ
Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան The Heritage Foundation-ի փորձագետ Արիել Կոենը 1news.az –ին տրված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:
Նրա խոսքերով` այսօր Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է` տարածաշրջանում իր առաջատար դիրքերն ամրապնդելու համար: Իսկ Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի աշխատակազմի հետաքրքության մարման համատեքստում դա այնքան էլ դժվար չէ:
«Վերջերս Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում Քլինթոնը սահմանափակվեց տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության ձևավորման մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց Հայաստանին քաղաքական երաշխիքներ տալ»,- ասել է փորձագետը:
«Կրեմլն իր վրա է վերցրել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը և այժմ փորձում է հավասարակշռություն հաստատել ավանդական համակրի և հեռանկարային գործընկերոջ միջև», - հայտարարել է Կոենը` ավելացնելով, որ այս փաստը, սակայն, չի վկայում Մոսկվայի կողմից խնդրի կարգավորման ցանկության մասին:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների` Մոսկվան արդեն երկրորդ տարին է, ինչ իր նախագծերն է առաջարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ` դրանով իսկ ամրապնդելով համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ, այդ թվում` ռազմական համագործակցությունը, նշել է փորձագետը: