5 մլն եվրո` Երևանի մետրոյի վերակառուցման համար
Երևանի
Մետրոպոլիտենի
վերակառուցման
ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է 5 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 միլիոն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասն է:
Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 15 միլիոնից ևս 5 միլիոն եվրո վարկ տրամադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է մարտի 10-ին, իսկ մնացած 5 միլիոնը որպես դրամաշնորհ կտրամադրի Եվրամիության հարեւանության ներդրումային ծրագիրը:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:
Ծրագրի առաջին փուլը, որի շրջանակում վերականգնվելու է մետրոյի շարժակազմը, վերանորոգվելու են մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, փոխվելու են տեխնիկական գնացքն ու պոմպակայանները, նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին: