2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանում «միգրացիոն համաներում» է հայտարարվելու

Հոկտեմբերին կայանալիք համառուսական մարդահամարից առաջ պետական և հասարակական կազմակերպությունները փորձում են հանգստացնել աշխատանքային միգրանտներին:

2010 թվականի հոկտեմբերի 14-25 Ռուսաստանում մարդահամար է անցկացվելու, որի ժամանակ «հաշվելու են» Ռուսաստանում բնակվող բոլոր անձանց, այդ թվում` երկրում ժամանակավոր բնակվող աշխատքային միգրանտներին:

Ռուսաստանի նոր պատմության ընթացքում իրականացվող երկրորդ մարդահամարը նախորդից տարբերվում է միայն հարցերի բովանդակությամբ:

«Պետության ողջ տարածքով մեկ մարդահամարն իրականացնելու են գումարային պայմանագիր կնքած  ֆիզիկական անձինք: Նրանք հատուկ նախապատրաստական դասընթացներ կանցնեն ու կստանան անհրաժեշտ փաստաթղթերն ու հրահանգները: Ռուսաստանի տարածքում բնակվող, բայց գրանցում չունեցողների մարդահամարը բավական դժվար գործ է: Բայց փաստաթղթերում նրանց ոչ անունն է նշվելու, ոչ էլ  ազգանունը: Նրանք միայն բանավոր են պատասխանելու հարցերին: Աշխատանքային միգրանտները գրանցվելու են որպես «ժամանակավոր բնակիչներ», - հայտատարել է Պետական վիճակագրական ծառայության ղեկավար Ալեքսանդր Սուրինովը:

Մարդահամարի անցկացման ժամանակահատվածում բոլոր աշխատանքային միգրանտների համար «միգրացիոն համաներում» է հայտարարվելու, ինչը նշանակում է, որ այս ընթացքում ոչ մի պետական կառույց նրանցից փաստաթուղթ չի պահանջելու, հաղորդում է РИА Новости գործակալությունը: