Գլխավոր / Армения / Հայաստանի և Ռուսաստանի միջև 5 փաստաթուղթ ստորագրվեց

Հայաստանի և Ռուսաստանի միջև 5 փաստաթուղթ ստորագրվեց

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է Սերժ Սարգսյանի և պետական այցով Երևան ժամանած Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Վստահ եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ ՌԴ նախագահի առաջին պետական այցը Հայաստանի Հանրապետություն, նոր փուլ կսկզբնավորի մեր հարաբերություններում: Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովրդի շահերից, և մենք կանենք ամեն ինչ` զարգացնելու այդ հարաբերությունները», – ասել է Սերժ Սարգսյանը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այս պետական այցը կարելի է երկկողմ հանդիպումների հաճախականության և մինչ օրս առկա համագործակցության բարձրակետը համարել:

ՀՀ և ՌԴ նախագահները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի խնդիրներին: Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հանդիպմանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երկու երկրների նախագահներին են ներկայացրել հանձնաժողովի նախորդ նիստից ի վեր կատարված աշխատանքները և նախանշված ծրագրերը: Խոսվել է նաեւ հումանիտար ոլորտում շփումներն առավել ընդլայնելու, գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության ընդգրկուն և երկարաժամկետ ծրագրեր իրագործելու անհրաժեշտության մասին:

Բանակցություններից հետո ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին 5 փաստաթուղթ.

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995թ. մարտի 16-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն», «Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին Համաձայնագիր», «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին Համաձայնագրի իրականացման կարգի մասին Կիրարկման արձանագրություն», «Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության /ՌԴ/ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիր»:

Փաստաթղթերի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը մեկնել են Գյումրի` ներկա գտնվելու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը, որից հետո ՀՀ եւ ՌԴ նախագահները կվերադառնան Երևան` մասնակցելու երեկոյան մեկնարկող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Tekali Taxi