Home / Армения / Ռուսաստանի գործողությունները կարող են դուրս մղել Հայաստանին ՀԱՊԿ-ից

Ռուսաստանի գործողությունները կարող են դուրս մղել Հայաստանին ՀԱՊԿ-ից

Արցախը չի երևում հայ-ռուսական պայմանագրում` կապված ռուսական ռազմակայանի Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգելու հետ, Արցախը ՀԱՊԿ պետությունների տարածք չէ, ավելին` Արցախը դե-յուրե գտնվում է մի պետության տարածքում, որն անթաքույց իր պաշտպանական անվտանգության դոկտրինում նշում է, որ Հայաստանն իր թշնամին է: Այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Հակոբյանը նշեց, որ բացարձակապես պարզ չէ, թե ինչպես Արցախը կարող է պաշտպանված լինել այս պայմանագրով:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով` միաժամանակ հայտնվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 հակաօդային զինատեսակը վաճառելու լուրը, որն, ըստ նրա, Ադրբեջանում կայացած փաստ են համարում, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գործարքը գրեթե չժխտեց. «Պետք է նկատի ունենալ, որ սա վաճառվում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից, վաճառողն էլ ասում է, որ վաճառում է ռազմավարական մյուս դաշնակցին»: Հակոբյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանն իր պաշտպանական համակարգով անխոցելի է դառնում և, ըստ նրա, «եթե վաղը ռազմական գործողություններ տեղի ունենան Արցախի հետ կապված, հասկանալի է, որ Հայաստանը պետք է մասնակցի, և, բնականաբար, այդ զինատեսակը պետք է օգտագործվի Հայաստանի դեմ»:

«Ժառանգության» փոխնախագահը չի կարծում, որ պայմանագրի երկարաձգումը բխում է Հայաստանի շահերից, սակայն հավելեց, որ վերջնական գնահատական տալ ստորագրված փասթաթղթին դեռ վաղ է:

Ստեփան Սաֆարյանն, իր հերթին, հարց բարձրացրեց` ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ 49 տարով: «Մենք կհասկանայինք ռազմաբազաների գտնվելու ժամկետի երկարաձգումը, եթե Ռուսաստանը ճանաչած լիներ Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը շատ լուրջ սպառնալիքներ հնչեցներ, մենք կհասկանայինք, որ հենց այդ իրավիճակում է որ Ռուսաստանը իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին, պաշտպանելու է սպասվող վտանգներից»:

Սաֆարյանի կարծիքով` Հայաստանում պայմանագրից դժգոհներ կլինեն, ինչը, ցավում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ոմանք փորձեցին նույնացնել հակառուսական հիստերիայի հետ:

Խոսելով Ադրբեջանին C-300 վաճառքի մասին, Սաֆարյանը փաստեց, որ եթե այն տեղի ունենա, Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանին «դուրս կդնի ռազմավարական գործընկերության դաշտից և Հավաքական անվտանգության պայմանագրի տիրույթներից»:

Tekali Taxi