Գլխավոր / Հայաստան / Միշել Պլատինին աշնան առաջին օրը կանցկացնի Հայաստանում

Միշել Պլատինին աշնան առաջին օրը կանցկացնի Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սեպտեմբերի մեկին կժամանի Հայաստան: Պլատինիի այցելության պատճառը Երևանի Ավան թաղամասում Հայաստանի ազգային հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի պաշտոնական բացումն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Սա Միշել Պլատինիի երրորդ այցն է Հայաստան. վերջին անգամ նա Երևանում էր 2007թ. հոկտեմբերի 16-ին, երբ Պլատինին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ համատեղ Հայաստանի ազգային հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի հիմնաքարը դրեց: Այս անգամ Պլատինին Երևան է ժամանում կենտրոնի բացման համար: Կենտրոնում միաժամանակ կարող են բնակվել և մարզվել վեց ֆուտբոլի ազգային հավաքականներ, այնտեղ գործելու է վերականգնողական կենտրոն, մի քանի դաշտեր, որոնցից մեկը արհեստական խոտածածկով: Կենտրոնն ունի նաև ֆուտզալի համար նախատեսված դահլիճ, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Կենտրոնին կից եվրոպական օրինակով գործելու է ֆուտբոլային ակադեմիա, որտեղ, ինչպես նշեց ՀՖՖ նախագահը, մարզվելու է 1000-1300 երեխա:

Կենտրոնը կբնակեցվի մինչ Միշել Պլատինիի այցը. արդեն օգոստոսի 30-ին Ավանում ուսումնամարզական հավաքը կսկսի Հայաստանի ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրո-2012 ընտրական փուլի Իռլանդիայի և Մակեդոնիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Tekali Taxi