2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիային անհանգստացրել են Իրանի փոխնախագահի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիի հետ զրուցել է Իրանի փոխնախագահ Համիդ Բաղեիի հայտարությունների մասին` կապված Հայոց Ցեղասպանության հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Իրանի փոխնախագահը Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Մեկնաբանելով փոխնախագահի խոսքերը` Դավութօղլուն ասել է, որ հնչած հայտարարություների կապակցությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանն արդեն իսկ բանակցում է Իրանի արտգործնախարության հետ:

Դավութօղլուն բացատրություն է պահանջել Իրանի Արտաքին գործերի նախարարից:

Ի պատասխան` Մոթաքին ասել է. «Մամուլն աղավաղել է փոխնախագահի խոսքերը: Նա խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին և անդրադարձ է կատարել նաև Առաջին համաշխարհային պատերազմին: Իրանը չի փոխել իր դիրքորոշումը կատարված դեպքերի վերաբերյալ»:

Դավութօղլուն նշել է, որ Իրանի արտգործնախարարը հաստատել է այն փաստը, որ Իրանի փոխնախագահը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա և կհաստատի Իրանի դիրքորոշման կայունությունը:

Երբ դա տեղի կունենա, «Անադոլու» գործակալությունը չի նշում: