Home / Հայաստան / Վառել են մոմերը… Եկեղեցու օրհնությունը հասավ կրթական ոլորտ

Վառել են մոմերը… Եկեղեցու օրհնությունը հասավ կրթական ոլորտ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի  կողմից իրականացված օրհնության արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, բազմաթիվ դպրոցների տնօրեններ, ինչպես նաև դպրոցականներ:

Արարողությանը մասնակցում էին նաև մի խումբ ուսուցիչներ, ովքեր` վառած մոմերը ձեռքերում, հանդիսավոր նստած էին: Կաթողիկոսն իր պատգամը հղեց ներկա գտնվողներին, նշեց ուսման կարևորությունը, հաջող ուսումնական տարի մաղթեց թե ուսուցանողներին և թե ուսանողներին:

Այնուհետև Գարեգին Բ կաթողիկոսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կաթողիկոսն ասաց, որ եկեղեցին հետևողական է ուսումնական հաստատություններում եկեղեցու պատմության ուսուցանման հարցում: Անդրադառնալով աղանդների խնդրին` Կաթողիկոսը հավաստիացրեց, որ, ի ուրախություն բոլորին, աղանդավորների թիվը գնալով նվազում է մեր երկրում, չնայած նրան, որ դեռևս արտերկրյա ֆինանսավորում կա:

Արմեն Աշոտյանը, իր հերթին, ասաց, որ կրթության և գիտության ոլորտը ոչ միայն աշխարհիկ բարձրագույն իշխանության ուշադրության կենտրոնում է, այլ նաև համայն հայության հոգևոր աշխարհի ուշադրության կենտրոնում.

«Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, կառավարություն, կրթության և գիտության նախարարություն, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին իր վրա է վերցրել մշակույթի, դպրության և կրթության պահպանության խնդիրը: Իսկ հիմա, երբ ունենք պետականություն, ժողովուրդն իր արժանի գնահատականը տվել է Առաքելական եկեղեցու ողջ աշխատանքներին»:

Ճեպազրույցի ընթացքում կողմերը նշեցին, որ կրթության համակարգն այն միջոցն է, որտեղ ազգային ինքնության, հոգևոր, մշակութային արժեքները պետք է սերվեն և պահպանվեն և տարածվեն:

«Ուստի, մայր Աթոռի և կրթության և գիտության նախախարարության միջև հարաբերությունները ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլ նաև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի կյանքի կոչում: Մենք դիմել ենք Նորին սուրբ օծությանը և խնդրել, որ այս արարողությունը լինի ավանդական և տարածվի հայ առաքելական եկեղեցու ողջ թեմերում, որովհետև թե հավատն է լույս և թե կրթությունն է լույս», – ասել է Արմեն Աշոտյանը:

Tekali Taxi