Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել Հայաստանի Հանրապետության բանակում սպանված զինվորների հարազատները: Կառավարության շենքի դիմաց կանգնած էին ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի ոստիկանական մեքենա: Սպանվածների հարազատները լացելով պատմում էին, որ այլևս չեն կարող հանդուրժել այս ամենը, որ պայքարելու են այնքան ժամաանակ, մինչև չպատժվեն մեղավորները:
«Մենք պահանջում ենք արդար դատավարություն, իսկ մեզ անընդհատ խաբում են: Դատի օրը գնում ենք դատարան, ասում են դատն արդեն վերջացել ա: Ինչ ա սա նշանակում, ոնց կարողա դատն առանց զոհվածի հարազատների սկսվի: Մենք պահանջում ենք դատախազի հրաժարականը: Ինչքան կարել ա մեղավորները ազատ ֆռֆռան փողոցներում,- արցունքն աչքերին պատմում էր անցյալ տարի նոյեմբերին Ղարաբաղում զոհված Գրիգորյան Խաչիկի տատիկը,- ես պահանջում եմ թոռնիկիս վերադարձնեն ինձ, ես բանակ եմ ուղարկել տղիս, որ հայրենիքը պաշտպանի, նրա դիակն եմ ստանում: Մենք էլ որդիներ չունենք բանակին տալու, որովհետև նրանց բանակ են զորակոչում ոչ թե հայրենիքը պաշտպանելու, այլ նույն հայրենիքի, հայի զոհն են դառնում: Ես չէի մտածի, եթե թոռնիկս հայրենիքի համար զոհված լիներ, թշնամու գնդկաից վիրավորված լիներ: 10 ամիս ա անցել, ոչ մի պատասխան չենք ստանում: Եթե չպայքարենք, բոլորի երեխաներն են զոհ դառնալու էս գիշատիչների ձեռքը: Հրամանատարի կինը հարսիս ծեծել ա, սպանվածի հարազատին ծեծում են, հասկանում եք, դատարանից դուրս են անում ու ծեծում»,- պատմում էր զոհվածի տատիկը:
Մեկ այլ զինվորի հարազատն էլ պատմեց, որ դատարանում կատարյալ անկարգություն է տիրում.
«էլ ինչ դատ, երբ դատավորը ներս ա մտնում, չեն ասում` ոտքի դատարանն է գալիս, ինչ դատ, եթե ծնողին հրելով դուրս են հանում ու ասում` մի խանգարեք, մենք դատ ենք անում: Խուժան դատարան ա…»:
Զոհվածների հարազատները հաստատակամ ասացին, որ եթե արդար դատավարություն չլինի և մեղավորները չպատժվեն, իրենք պառկելու են փողոցի մեջտեղը ու, իրենց խոսքերով, արդեն մեկ է, թե ինչ կլինի իրենց հետ: