Home / Հայաստան / Թուրքիայում սիրեցին մարզական դիվանագիտությունը

Թուրքիայում սիրեցին մարզական դիվանագիտությունը

Դեռևս մեկ տարի առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև ակտիվորեն ընթացող ֆուտբոլային դիվանագիթյունն այժմ արդեն անցյալում է մնացել, սակայն Թուրքիայում մարզական դիվանագիտությունն ակտիվորեն շարունակվում է կիրառվել:

Ֆուտբոլային դիվանագիտությունից Թուրքիայի կառավարությունն անցավ բասկետբոլային դիվանագիտության, երբ երեկ 2010թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանդիպեցին Թուրքիայի և Հունաստանի հավաքականները: Հայտնի է, որ այս երկրները կիսելու շատ բան ունեն, այդ իսկ պատճառով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել էր իր հույն դիվանագետ գործընկերներին միասին հետևելու բասկտեբոլային հանդիպման ընթացքին:  Հունաստանից ժամանած փոխարտգործնախարար Դիմիտրիս Դրուտսասն ակտիվ զրուցում էր Դավութօղլուի հետ հենց հանդիպման ժամանակ:

Չնայած հանդիպումը մրցակցային էր, խաղից հետո Թուրքիայի արտգործնախարարը նշեց, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում:

«Մենք, իհարկե, ուրախ ենք, որ Թուրքիան հաղթեց (76-65 հաշվով – խմբ.), սակայն այս խաղում առաջին հերթին հաղթեց բարեկամությունը», – նշել է Դավութօղլուն:

Ինչպես այսօր տեղեկացնում էին հունական և թուրքական լրատվամիջոցները, պաշտոնյաները հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք վիճելի հարցեր, այդ թվում` անդրադարձել են Էգեյան ծովում վիճելի տարածքների խնդրին, ինչպես նաև Անկարայի կողմից վերջին շրջանում Հունաստանը Թուրքիայի ազգային վտանգների ցուցակից հանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ այդ ցուցակից հանում է Հունաստանին, Ռուսաստանին և Իրանին:

Մի շարք խնդիրներ պարզաբանելուց հետո երկու երկրները որոշել են հարաբերությունների շտկումը նշանավորել բասկետբոլային դիվանագիտությամբ, ինչը, ըստ արձագանքների, ստացվել է:

Tekali Taxi