2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պայքարը միանշանակ հաղթանակով է ավարտվելու, համոզված է Լյուդմիլա Սարգսյանը

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Արտահայտելով իր կուսակցության կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ` ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ իրենք որպես ավանդական կուսակցություն կարծում են, որ այն հողը, որը արյունով է ձեռք բերվել, հանձնել չի կարելի: Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե հանուն խաղաղության պետք է ինչ-որ փոքր բան զիջել, ապա իրենք դրան դեմ չեն լինի:

Լյուդմիլա Սարգսյանը մեծ կարևորություն տվեց սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավքին: ՍԴՀԿ ատենապետի խոսքով` հասարակությունը պահանջում է իրենցից ինչ-որ կերպ հարցերին լուծում տալ:

«Ներքաղաքական վիճակը 2,5 տարի օր օրի թեժանում է, իսկ այս իշխանությունները ոչինչ չարեցին դա մարելու համար: Մենք 2,5 տարի աշխատել ենք և ձևավորել ենք քաղաքացիական հասարակության մի շերտ, որը ժամանակի ընթացքում դառնալու է պահանջկոտ իշխանությունների նկատմամբ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանն ադրադարձավ նաև ՀԱԿ-ի թուլացման մասին խոսակցություններին` նշելով, որ 18 տարբեր գաղափարներ կրող կուսակցություններ, որոնք համախմբվել են ՀԱԿ-ի մեջ և 2,5 տարի մարտնչում են իշխանությունների դեմ և մինչ օրս համագործակցում են, չեն պառակտվել, որքան էլ իշխանություններն ապարդյուն փորձեր կատարեն: Ուստիև, Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ այդ պայքարը միանշանակ հաղթանակով է ավարտվելու: