Գլխավոր / Հայաստան / Կանադացի խորհրդականը խոստացել է սատարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

Կանադացի խորհրդականը խոստացել է սատարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում, ինչն ամուր հիմք է համագործակցության առկա հնարավորությունները լիարժեք իրացնելու համար:

«Կանադան մեզ համար կարևորվում է որպես հզոր տնտեսություն և ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաև` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին և որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսևորվել` դրանով իսկ ծառայելով և’ Կանադային, և’ Հայաստանին»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային և օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը. «Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին և կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը և կառավարությունը այս հարցի վերաբերյալ միակարծիք են», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը վերահաստատել է հայ-կանադական սերտ հարաբերությունների և ակտիվ համագործակցության մասին նախագահի խոսքերը և ընդգծել, որ, անշուշտ, այդ մեծ բարեկամության վկայությունն է նաև Կանադայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հայերը, պարոն Ալբրեխթի հավաստմամբ, զգալի ներդրում ունեն Կանադայի տնտեսության, քաղաքականության, մշակույթի և այլ բնագավառների զարգացման գործում:

Կանադացի խորհրդարանականը տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլև ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը և ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կբերի նաեւ տնտեսվարման նոր մշակույթ: Կարևորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաեւ` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Tekali Taxi