Գլխավոր / Армения / Հայ լրագրողներին ստիպում են վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը

Հայ լրագրողներին ստիպում են վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր Թուրքիայում հանդես է եկել մեկնաբանություններով` կապված առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայնում տեղի ունեցած միջադեպի հետ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Epress.am-ի թղթակիցը, վաղ առավոտյան Ստամբուլ ժամանած ինքնաթիռի ուղևորներից, այդ թվում` տարածաշրջանային սեմինարի համար Թուրքիա ժամանած խմբի անդամներից, սահմանապահները վերցրել են անձնագրերը և անգամ սպառնացել են արտաքսել երկրից:

Նավասարդյանը նշել է, որ Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորների հիմնական մասը նվաստացուցիչ ստուգման է ենթարկվել Թուրքիայի միգրացիոն ծառայությունների կողմից:

«Այո, նվաստացուցիչ… Ես հասկանում եմ, երբ որոշակի միգրացիոն գործողություններ են իրականացվում, սակայն դրանք իրականացվում էին միայն մեկ չվերթի ուղևորների նկատմամբ: Մենք շատ լավ տեսնում էինք, որ նույն ժամին այլ չվերթների ուղևորներ էին դուրս գալիս, բայց այդ արարողակարգին ենթարկվեցին միայն Երևանից ժամանած 20 ուղևորներ», – հայտարարել է Նավասարդյանը:

Հենց այդ պատճառով էլ հայ լրագրողներին չի բավարարել միգրացիոն ծառայությունների այն բացատրությունը, որ իրենք պետք է որոշակի կանոնների հետևեն:

«Մեզ հետ նույն չվերթով «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Ստամբուլ էր ժամանել լրագրողների ևս մի խումբ: Չնայած հիմնադրամի ներկայացուցիչները բացատրում էին, որ իրենք խմբով են գնում և ներկայացնում էին համապատասխան փաստաթղթեր ու հրավեր, նրանց հարցաքննում էին առանձին-առանձին, պահանջում էին ապացուցել, որ իրենք Թուրքիայում գտնվելու համար բավարար միջոցներ ունեն», – Նավասարդյանի բառերն է փոխանցում  Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից:

Նավասարդյանը նշել է, որ կատարվածում դժվար է միտում չտեսնել:

«Չնայած Հայաստանի հետ առկա բարդ հարաբերություններին, մենք մշտապես Թուրքիան դիտել ենք որպես քաղաքակրթության այնպիսի մակարդակի վրա գտնվող երկիր, որը թույլ է տալիս այս տարածքում միջազգային և տարածաշրջանային միջոցառումներ անցկացնել: Պատահական չէ, որ մենք հերթական անգամ ընտրել էինք Ստամբուլը և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներ, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ հարաբերությունները և Երևանում ու Բաքվում նման միջոցառում անցկացնելու հետ կապված բարդությունները, որոշել էինք մեր համաժողովն անցկացնել», – ասել է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:

Նա հավելել է, որ, հաշվի առնելով վերջին միջադեպը, հայկական կողմը պաշտոնական բացատրություններ է պահանջել, այլապես, Նավասարդյանի խոսքով, «մենք ստիպված կլինենք վերանայել մեր վերաբերմունքը այս քաղաքի նկատմամբ, այս երկրի նկատմամբ որպես մի վայրի, որտեղ մենք կարող ենք նորմալ պայմաններում հանդիպել, կառուցողական աշխատանքներ տանել»:

«Ինքնասիրություն ունեցող մարդը չի կարող իրեն թույլ տալ երկրորդ կամ երրորդ անգամ վերապրել այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան: Հուսով եմ, որ որոշակի բացատրություններ կհետևեն և մենք հնարավորություն կունենանք պահոց հանձնել այս միջադեպը», – իր խոսքն ավարտել է Բորիս Նավասարդյանը:

Tekali Taxi