Գլխավոր / Армения / Հայաստանում ամլության տոկոսը բարձր է. մասնագետ

Հայաստանում ամլության տոկոսը բարձր է. մասնագետ

Մեկշաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Լոս Անջելեսի CHA վերարտադրողական կենտրոնի ղեկավար Վիգեն Սեփիլյանը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա խոսել է ԱՄՆ-ի և Հայաստանի բնակչության անպտղաբերության խնդիրների մասին:

Նա նշեց, որ աշխարում զույգերի ամլության (երեխա չունենալը – Epress.am) տոկոսը կազմում է 10-15 տոկոս, իսկ Հայաստանում այն ավելի բարձր է` 18 տոկոս:

«Պատճառները տարբեր են. Հայաստանում աբորտների թիվը համեմատաբար բարձր է, ինչը կարող է լուրջ պատճառ լինել չբերության համար: ԱՄՆ-ում գրեթե չես հանդիպի մի կին, որը 20 անգամ արհեստական ձևով կասեցրել է հղիությունը, իսկ ես ԱՄՆ-ում հայ կին այցելու եմ ունեցել, ով անցյալում 20 անգամ աբորտ է արել: Ինչպես նաև սթրեսները շատ լուրջ դեր են խաղում կանանց մոտ»,- ասել է CHA-ի ղեկավարը և նշել, որ ԱՄՆ-ում կանանց անպտղության պատճառը հիմնականում վիրուսներն են և տարիքը. այնտեղ կանայք 30-35 տարեկանում են սկսում երեխա ունենալու մասին  մտածել:

Վիգեն Սեփիլյանը հավելեց նաև, որ իրենց կենտրոնում բուժում ստացած զույգերի մոտ 85 տոկոսը բուժվել է:

«Շատ հաճախ մենք` բժիշկներս, պետք է դառնանք հոգեբաններ, որպեսզի օգնենք զույգերին հաղթահարել նախևառաջ սթրեսը: Բժիշկը պետք է կարողանա բռնել հիվանդի ձեռքը և օգնել նրանց»,- ասել է կենտրոնի ղեկավարը:

Ասուլիսի մասնակիցներից Էդուարդ Համբարձումյանը, ով Հայաստանում վերարտադրողական կենտրոնի ղեկավարն է, հավելել է, որ Վիգեն Սեփիլյանը և մի քանի այլ հայտնի բժիշկներ Հայաստան են հրավիրված ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Նա նաև կարևորել է այն փաստը, որ Հայաստանում պետական մակարդակով ծնելիության խնդիրներին այսպիսի նշանակություն է տրվում:

«Հայաստանում կանցկացվեն մի շարք համաժողովներ, ինչպես նաև հրավիրված բժիշկները դասախոսություններ կկարդան», – ասել է նա:

Tekali Taxi