Գլխավոր / Армения / Սեյրան Օհանյանը պատասխանեց զոհված սպայի մորը

Սեյրան Օհանյանը պատասխանեց զոհված սպայի մորը

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց հուլիսի 27-ին զոհված պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր բաց նամակին:

Նամակում ասված է.

«Հարգելի տիկին Հովհաննիսյան,
 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը:
 
Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործով ՀՀ  քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով  նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը 04.09.2010թ. հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն  մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար:
 
Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել և առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը:
 
ՀՀ պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան»:

Նամակը հրապարակվել է Lragir.am կայքում

Tekali Taxi