Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ին մերժում են. Երևանը տոնակատարությունների մեջ է

ՀԱԿ-ին մերժում են. Երևանը տոնակատարությունների մեջ է

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում ներկայացնել քաղաքապետարան: Վերջին իրազեկումը ՀԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանն այսօր է տարել քաղաքապետարան` հոկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար:

Առաքելյանը Epress.am-ին հաղորդեց, որ համաձայն ՀՀ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի` քաղաքապետարանի մերժումն անօրինական է:

«Այդ հոդվածի մեջ կան 7 ենթակետեր, որոնք պետք է հիմք հանդիսանան իրազեկված միջոցառումը մերժելու համար: Սակայն Քաղաքապետարանի մերժման մեջ չկան այդ կետերից որևէ մեկը: 13-րդ հոդվածի 2-րդ դրույթը ենթադրում է հետևյալը` «Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելել,  եթե նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը կամ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում, և որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը»,- ՀՀ օրենքը մեջբերեց Տիգրան Առաքելյանը և հավելեց, որ քաղաքապետարանում առկա է մի գրություն, որով Երևանի Ազատության հրապարակում 1 ամիս շարունակ ամեն օր անցկացվելու են Էրեբունի-Երևան տոնակատարության փորձեր:

«Այդ մեկ ամսվա համար ներկայացված է ընդամենը մեկ իրազեկում, որը հակասում է ՀՀ օրենքին. ամեն օրվա համար, օրենքի համաձայն, պետք է Քաղաքապետարան ներկայացնել մի իրազեկում, որը նաև պետք է ընդգրկվի համապատասխան գրանցամատյանում: Այդ ամենը բացակայում է»,- պարզաբանել է Առաքելյանը և հավելել, որ այդ պատճառով Կոնգրեսի իրազեկումները չեն կարող մերժվել:

Ի դեպ, Տիգրան Առաքելյանը Epress.am-ին հաղորդեց, որ այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ն ընդդեմ քաղաքապետարանի որոշման դատական նիստը, որի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ այդ մեկ ամսվա փորձերը որպես տոն են ներկայացված:

«Այսինքն` Երևանը մեկ ամիս ամեն օր տոնակատարությունների մեջ է»,- եզրափակեց Տիգրան Առաքելյանը:

Tekali Taxi