Գլխավոր / Հայաստան / Քարահունջը պետք է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում. գիտնական

Քարահունջը պետք է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում. գիտնական

Զորաց քարեր պատմամշակության հուշարձանը պետք է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախմբի անդամները լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք դիմել են ՀՀ Կառավարությանը, որպեսզի կառավարության առաջարկությամբ Զորաց քարեր հուշարձանը, որը նաև հայտնի է Քարահունջ անվամբ, ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ:

Արշավախմբի անդամ, փորձագետ, Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Միհրան Վարդանյանը ասել է, որ արշավախումբն իր աշխատանքները սկսել է սեպտեմբերի 6-ից և առաջին փուլը կավարտի սեպտեմբերի 27-ին:

«Երկրորդ փուլը, հուսով ենք, կսկենք ՀՀ կառավարության աջակցությամբ: Մենք դիմել ենք նամակով մոտավորապես 2 ամիս առաջ, սակայն դեռևս սպասում ենք պատասխանի»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե կառավարությունը պարտավոր էր 30 օրվա ընթացքում պատասխանել նամակին, փորձագետ Միհրան Վարդանյանը պատասխանել է, թե կարծում է, որ իրենք շատ զբաղված են երևի, և հավանաբար կպատասխանեն:

Արշավախմբի անդամներից Նիկոլաս Հովարդն էլ լրագրողներին ներկայացրել է Զորաց քարերի պատմություն և նշանակությունը: Մանսավորապես, նա նշել է, որ Զորաց քարերը բացառիկ հուշահամալիր է` համեմատած աշխարհի այլ նմանատիպ հուշահամալիրների հետ:

«Բացառիկ հատկությունն այն է, որ քարերի մեջ կան անցքեր, որոնք, հավանական է, ուղղված են տիեզերքի տարբեր մոլորակների ուղղությամբ: Բրիտանական Սթուն Հենջի նման Զորաց քարերը նույնպես նայում են դեպի արևելք, ինչից կարելի է ենթադրել, որ այն իրենից ներկայացնում է արևային աստղադիտարան: Անցքերի բարդությունը ցույց է տալիս, որ դրանց միջոցով մարդիկ այլ մոլորակներ են ուսումնասիրել: Հետագա ուսումնասիրությունները կարող են ցույց տալ, որ Զորաց քարերը եղել է աշխարհում առաջին աստղադիտարանը», – ասել է Հովարդը:

Արշավախմբի անդամները նշեցին նաև, որ իրենք շատ լավ ծանոթ են աստղագետ Պարիս Հերունու աշխատություններին և իրենց նպատակներից մեկն էլ այն է, որ նորագույն տեխնոլոգիաներով կրկնեն Պարիս Հերունու գործը:

Նիկոլաս Հովարդը նշեց նաև այն երեք կետերը, ըստ որոնց Զորաց քարերն արժանի են ընդգրկվելու ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային-մշակութային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ:

«Առաջին` դրանք բացառիկ են, երկրորդ պատմական արժեք են և ներկայացնում են մի քաղաքակրթություն, որն այլևս չկա, երրորդ` Զորաց քարերը համաշխարհային նշանակություն ունեցող կրթահամալիր է»,- պատճառները թվարկել է արշավախմբի անդամը:

Tekali Taxi