Գլխավոր / Армения / Ֆրանսիական «La Poste»-ը կաջակցի «Հայփոստ» ընկերությանը

Ֆրանսիական «La Poste»-ը կաջակցի «Հայփոստ» ընկերությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի «La Poste» ազգային փոստային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսևիլին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն ու արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Հանդիպման ժամանակ Ժան Պոլ Ֆորսևիլը վարչապետին է ներկայացրել «Հայփոստ»-ի և «La Poste»-ի միջև Համագործակցության ծրագրի իրականացման մանրամասներ։ Նա տեղեկացրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է փոստային ծառայությունների ընդլայնում և փոստային նամակագրության, ծանրոցների փոխադրման ու ֆինանսական ծառայությունների մատակարարման որակի բարձրացում։

Ընդգծելով «Հայփոստ» ընկերության զարգացման իրատեսական ներդրումային ծրագրի կարևորությունը` Տիգրան Սարգսյանն առաջնային է համարել համագործակցության շրջանակներում փոստային բաժանմունքների արդիականացումը, նոր ծառայությունների քանակի և ներդրումների ծավալի շարունակական ավելացումը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Tekali Taxi