Գլխավոր / Армения / Քաղաքացիական հասարակության օրը կնշեն Սիրահարների այգում

Քաղաքացիական հասարակության օրը կնշեն Սիրահարների այգում

Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում այս տարի կնշվի արդեն երկրորդ անգամ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանում խաղաղության կորպուսի ծրագրերի պատասխանատու Նիկոլաս Բրունոն և Քաղաքացիական հասարակության հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիտյանը ներկայացրել են վաղը` սեպտեմբերի 19-ին կայանալիք Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումները:

Դավիթ Չիտյանը ասել է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակության օրն առաջին անգամ նշվել է 2009թ.-ին` նպատակ ունենալով հայաստանյան հասարակության մեջ տարածել ու զարգացնել քաղաքացիական հասարակության գաղափարը: Նա հավելել է, որ այս տարի կազմակերպիչներն ընտրել են կամավորության թեման` որպես քաղաքացիական ակտիվության և մասնակցության հիմնաքար:

«Միջոցառումը անցկացվելու է Երևանի սիրահարների այգում, որտեղ կներկայացվի այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին հանրապետության 27 համայնքներում իրականացված կամավորական ծրագրերի արդյունքները»,- ասել է Դավիթ Չիտյանը և հավելել, որ քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 հոգի, ներառյալ պետական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, առևտրային ընկերությունների տարբեր ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:

Epress.am-ի այն հարցին, թե Քաղաքացիական հասարակության հիմնադրամը աջակցում է արդյոք Հայաստանում այս կամ այն խնդիրների շուրջ ձևավորված հասարակական նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, ուսանողական այգու, օտարալեզու դպրոցների նախաձեռնությունները, Հիմնադրամի տնօրենը պատասխանել է, որ իրենք միշտ էլ ինչ-որ ձևով աջակցել են բոլոր ակտիվ նախաձեռնություններին:

Tekali Taxi